Այսօր` ապրիլի 26-ին ժամը 13-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Նուբարաշենի թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցի սաների նկատմամբ նույն դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ուսուցիչը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով` աշակերտների նկատմամբ «անառակաբարո գործողություններ» իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ այս պատմությունը արդեն երկար ժամանակ է, որ մամուլի ուշադրության կենտրոնում է: Դեռեւս 2008 թվականի նոյեմբերի 13-ին հեռուստատեսությամբ այս մասին նյութ է ցուցադրվել, որից հետո գործ է հարուցվել այդ փաստի առնչությամբ: Լեւոն Ավագյանի անառակաբարո գործողությունների մասին ահազանգել էին 11-րդ հատուկ դպրոցում աշխատած երիտասարդները եւ նույն դպրոցի նախկին շրջանավարտները, որից հետո Լեւոն Ավագյանը դիմել էր Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանություն` նշելով, թե իրեն զրպարտել են, որի արդյունքում «սուտ մատնության» համար մեղադրանք էր առաջադրվել երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին: Հետագայում գործի քննությունը անցել է ոստիկանության Երեւան քաղաքի քննչական գլխավոր վարչության վարույթ, որտեղ Սուխուդյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը վերացվել եւ մեղադրանք է առաջադրվել ոստիկանություն դիմած ուսուցչի նկատմամբ:

Նշենք, որ մինչեւ 16 տարեկան երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: