Անժխտելի է, որ վերջին երկու օրերի եղանակային պայմանների պատճառով կորուստներ կան գյուղատնտեսության ոլորտում, բայց թե որ պտղատեսակներն են վնասվել եւ ինչքանով, պարզ կլինի առաջիկա օրերի ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Նա նշեց, որ արձանագրված բացասական ջերմաստիճանը հիմնականում վտանգում է ծիրանենու բերքը, քանի որ այն ծաղկման կամ ծաղկումն ավարտած փուլում է: Ցածր ջերմաստիճանը վնասել է նաեւ ծաղկման փուլում գտնվող այլ պտղատեսակները, եւ սեղանի խաղողի առանձին տեսակների բացված բողբոջները , եթե ջերմաստիճանը ավելի իջնի, չի բացառվում, որ վնասվի նաեւ կեռասենին, դեղձենին, սալորենին: Գառնիկ Պետրոսյանը շեշտեց, որ այս ջերմաստիճանը վտանգավոր չէ հացահատիկային մշակաբույսերի համար: «Այս պահին վնասի վերաբերյալ որեւէ թիվ հրապարակելը լուրջ չեմ համարում, որովհետեւ առաջիկա գիշերը սպասվում է ամենացածր ջերմաստիճանը, քան գրանցվել է վերջին օրերի ընթացքում, հաջորդ օրը եւս սպասվում է ցածր ջերմաստիճան: ցրտահարության վտանգ մեծապես առկա է մարտի 31-ապրիլի 2-ը ընկած ժամանակահատվածում»,- նշեց փոխնախարարը: Նա տեղեկացրեց, որ միայն 10-15 օր անց կկարողանան ճշտել վնասի նախնական չափը: Ինչու նախնական, փոխնախարարը պարզաբանեց, որ ֆիզիոլոգիական պրոցեսները կարող են խաթարված լինել եւ պտղաթաթ տեղի կունենա: Նա ասաց, որ նախարարությունը անհանգստացած է ջերմատների, ջերմոցների, սածիլանոցների պահպանման հարցում, ուստի անընդհատ կապի մեջ են մարզային կառույցների, մարզպետարանների ներկայացուցիչների հետ,փորձում են ճշտել՝ որտեղ կան վնասված ջերմոցներ: «Մարտի 30-ին անհանգիստ վիճակ էր, առավոտվանից տեղեկացանք, որ հոսանքազրկում է եղել մի շարք համայնքներում, ինչը վտանգում էր ջերմոցների պահպանությունը, ջեռուցում չէր կատարվում, կիրակի առավոտվանից գյուղանախարարը էներգետիկայի նախարարի հետ աշխատում էր, որպեսզի առաջնահերթությունը տրվի այն համայնքներին, որտեղ կենտրոնացված են ջերմատները: Բավականին լուրջ աշխատանքներ կատարվեցին, կարծես թե այս առումով խնդիր չունենք, որովհետեւ ահազանգեր չունենք»,- նշեց նա:
Առաջիկա օրերին մասնագիտական խմբեր են գործուղելու մարզեր, որպեսզի յուրաքանչյուր համայնքում հաշվարկներ, ուսումնասիրություններ կատարեն, քանի որ տարբեր հատվածներում տարբեր իրավիճակ է: «Նախ պետք է պատկերը ունենանք, վնասների չափը պարզենք, որպեսզի հստակեցնենք հետագա անելիքները: Գյուղացիների փոխհատուցման մասին առայժմ վաղ է խոսելը, պատկերը հստակեցնելուց հետո կքննարկենք այդ հարցը եւ համապատասխան առաջարկություններ կներկայացնենք: Հիմա ոչ ոք չի կարող ասել, թե ինչքանով են տուժել գյուղացիական տնտեսությունները»,- ասաց փոխնախարարը: Իսկ թե ինչու այսպես եղավ եւ ով է մեղավոր, որ բերքը վնասվեց, Գառնիկ Պետրոսյանն ասաց, որ տեղացած առատ ձյան հետեւանքով բացասական ջերմաստիճանը պահպանվեց տեւական ժամանակ, ուստի նախապես ներկայացված միջոցառումները էականորեն չէին փոխի իրավիճակը: «Կանխատեսվել էր տեղումներ թաց ձյան տեսքով, բայց հանրապետությունում համատարած առատ ձյուն տեղաց, հզոր մթնոլորտային ճակատ էր ամբողջ հանրապետությունում, իսկ տեւական բարդ ռեժիմի պայմաններում մեր կողմից առաջարկված մեթոդները՝ ոռոգում, ծխեցում, դառնում են անարդյունավետ: Եթե նույնիսկ ձյան կանխատեսումը ավելի վաղ արվեր, միեւնույն է, այդ քանակի ձյան դեմ ոչինչ չենք կարող անել: Նման տարերքի դեմ, ցավոք, այսօր մենք անզոր ենք, ոչ միայն մեր երկրում, այլեւ ցանկացած երկրում այդպես է: Սա այն դեպքը չէ, որ որեւէ մեկին մեղադրենք»,- նշեց փոխնախարարը: Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում անիմաստ է դառնում բաց դաշտում որեւէ միջոց ձեռնարկել, բայց ջերմոցներում, ջերմատներում անպայման անհրաժեշտ է ապահովել համապատասխան ջերմաստիճան ցրտահարությունից խուսափելու համար:



























