Ռուսաստանում խոշորագույն սոցիալական ցանց հանդիսացող «Վկոնտակտե»-ի ղեկավար Պավել Դուրովը լքում է իր պաշտոնը: Այդ մասին հաղորդել է սոցիալական ցանցի մամուլի ծառայությունը եւ հաստատել է ընկերության խոշորագույն բաժնետեր «Mail.ru Group»-ը:
Հեռացման դիմումը Դուրովը գրել էր դեռ մարտի 21-ին, նշվում է «Վկոնտակտե»-ի հաղորդագրության մեջ: Քանի որ անցյալ ամսվա ընթացքում այն այդպես էլ հետ չեն կանչել, աշխատանքային օրենսդրության համաձայն Դուրովն այլեւս չի կարող զբաղեցնել իր պաշտոնը:
Ժամանակավորապես նրա պարտականությունները կկատարեն «Վկոնտակտե»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Բորիս Դոբրոդեեւն ու գործադիր տնօրեն Դմիտրի Սերգեեւը: Նրանք ընկերություն են եկել այս ձմռանը եւ Ալիշեր Ուսմանովի կառույցներից են:
Ինքը Պավել Դուրովը «Վկոնտակտե»-ի իր էջում ավելի ուշ հայտարարել էր, որ իր հեռացման մասին «մամուլից» է իմացել, իսկ սոցցանցի բաժնետերերը «համարձակություն» չեն ունեցել անձամբ հայտնել այդ մասին: «Վկոնտակտե»-ի տնօրենների խորհուրդն այսօր «պատահաբար» հայտնաբերել է, որ գլխավոր տնօրենի պաշտոնից հեռացման մասին ապրիլի 3-ի իմ դիմումի արձագանքը «ոչ բոլոր կանոններին» համաձայն է կազմվել, ուստի մեխանիկորեն ազատվում եմ պաշտոնից: Որքան հասկանում եմ, ոչ թափանցիկ այս դիրքորոշումն ընդունելի է բոլոր բաժնետերերի համար»,- գրել է Դուրովը:
«Այդ կերպ այսօր «Վկոնտակտե»-ն անցել է Իգոր Սեչինի եւ Ալիշեր Ուսմանովւ լիարժեք վերահսկողությանը»,- եզրափակում է Դուրովը: Հավանաբար, ռուսական պայմաններում սա անխուսափելի էր, սակայն ուրախ եմ, որ յոթուկես տարի դիմացանք: Շատ բան հասցրեցինք: Արվածի մի մասն արդեն փոխել հնարավոր չէ»:
Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան», հետագայում Դուրովին կարող են առաջարկել «ցանցի գլխավոր ճարտարապետի» պաշտոնը: Այդ պաշտոնը «չի պահանջի», որպեսզի Դուրովը ներգրավվի օպերացիոն բիզնես ու մշտապես մասնակցի ընթացիկ գործընթացներին:
Այս տարի ավելի վաղ լրատվամիջոցներն արդեն հրապարակել էին Պավել Դուրովի հեռացման մասին տեղեկություն: Բացի այդ, տարվա սկզբին ընկերությունը լքել են երկու թոփ-մենեջերներ՝ Իլյա Պերեկոպսկին եւ Իգոր Պերեկոպսկին, Դուրովն էլ վճառել էր իր բաժնետոմսերը: Հայտնի է նաեւ «Վկոնտակտե»-ի բաժնետերերի կոնֆլիկտի մասին Դուրովի հետ, ում մեղադրում էին միջոցներն աննպատակ ծախսելու մեջ:




























