Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը ապրիլի 29-ին մասնակցել է Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում եւ կայունություն» (Democracy, good governance and stability) պլատֆորմի երրորդ հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել են ԵՄ անդամ եւ վեց գործընկեր երկրների ներկայացուցիչներ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր ելույթում փոխնախարար Ղազինյանն ընդգծել է Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը ՀՀ կողմից տրվող կարեւորությունը՝ նշելով ՀՀ պատրաստակամությունն ակտիվորեն ներգրավվելու դրա բազմակողմ ձեւաչափում:

Նիստի ընթացքում` հանրային կառավարման եւ բարեփոխումների քննարկումերի ժամանակ, տիկին Ղազինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին, մասնավորապես՝ նշելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները:

Հանդիպման ավարտին որոշում է ընդունվել «Ժողովրդավարություն, լավ կառավարում եւ կայունություն» պլատֆորմի շրջանակներում ստեղծել ԵՄ եւ գործընկեր վեց անդամ երկրների համապատասխան ոլորտի պատասխանատու ներկայացուցիչներից կազմված կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խումբ: