Այսօր` մայիսի 3-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Լոռու մարզի Սպիտակ քաղաք: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը նախ այցելել է Վարպետաց թաղամաս, որտեղ ծանոթացել է կառուցապատման աշխատանքների ընթացքին եւ որակին, այնուհետեւ խորհրդակցություն է անցկացրել Սպիտակի քաղաքապետարանում:
Կառավարության ղեկավարին ներկայացվել են աշխատանքներն ավարտին հասցնելու կոնկրետ ժամկետներ: Անդրադարձ է եղել 1988 թ. երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած շահառուների բնակարանով ապահովման խնդիրներին:
Տիգրան Սարգսյանը խոսել է Վարպետաց թաղամասի կառուցման մասին՝ նշելով, որ անհրաժեշտ է թաղամասի զարգացման բիզնես ծրագիր: Այն պատրաստելու հանձնարարականը տրվելու է Ազգային մրցունակության խորհրդին եւ շահագրգիռ մարմիններին:




























