Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տուր-օպերատորները տարիներ շարունակ մասնավորի մակարդակով բարձրաձայնել եւ քայլեր ձեռնարկել են զբոսաշրջային համատեղ փաթեթների, ինչպես նաեւ եռակողմ համագործակցության շուրջ, իսկ պետական մակարդակով համագործակցության նախաձեռնությունը Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանն արվել է ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի կողմից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման պարզաբանմամբ հանդես եկավ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, թե Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, վրացական կողմի նախաձեռնությամբ, մտադիր են համատեղ զբոսաշրջային փաթեթ մշակել։
Նշելով, որ Հայաստանի՝ տարածաշրջանային մի շարք երկրների հետ զբոսաշրջային համատեղ փաթեթներ մշակելու առաջարկը ողջունվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից, Ապրեսյանն ասաց. «Տարածաշրջանային մի քանի երկրների հետ համատեղ զբոսաշրջային ծրագրեր իրականացնելու Հայաստանի նախաձեռնությունը Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաեւ Վրաստանի կողմից դրական արձագանք է գտել։ Ադրբեջանական կողմից տեղեկություններ դեռեւս չկան։ Իսկ ինչ վերաբերում է երեք երկրների մասնավոր հատվածներին, ապա նրանք իրար հետ աշխատում են արդեն մի քանի տարի»,- ամփոփեց նա։
Նշենք, որ Վրաստանի զբոսաշրջության դեպարտամենտի փոխտնօրեն Վախթանգ Ասատաշվիլին օրերս հայտարարել էր, որ զբոսաշրջության շուկայի համար Վրաստանը փոքր երկիր է, այդ պատճառով մեծ է նրա շահագրգռվածությունը, որպեսզի Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը համատեղ զբոսաշրջային փաթեթ մշակեն։ Նա ընդգծել էր, որ նմանօրինակ փաթեթ ունեցողը հնարավորություն կունենա այցելել ոչ թե մեկ երկիր, այլ ողջ տարածաշրջան, ինչն էլ կմեծացնի զբսաշրջիկների հոսքը։




























