Երեկ՝ մայիսի 4-ին, աղետի գոտում կառուցվող նոր թաղամասի շինարարական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է Սպիտակում։

Ինչպես պարզվել է, կառուցվող 220 տների շինարարական աշխատանքներն ընթացել են զգալի բացթողումներով, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի ՀՀ կառավարությունը շինարարությունն իրականացնող «Գլենդել Հիլս» ընկերությանը թերությունները վերացնելու համար լրացուցիչ 3 մլրդ դրամ գումար հատկացնի։

Այցի ընթացքում վարչապետին ուղեկցող քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը նկատել է, որ շինարարները թերացել են հատկապես տանիքների եւ ներքին հարդարման աշխատանքների մասով. «Որակը, բնականաբար, պետք է նայեինք, ուղղակի մի քիչ ձգձգվեց, բայց ես դրա մեջ առանձնապես խնդիր չեմ տեսնում։ Եթե նախատեսվածի նման անգամ ապրիլ ամսին հանձնեինք, թերությունները կվերացվեին»,- ասել է Վարդանյանը։

ՀՀ վարչապետը Սպիտակ կատարած այցի ավարտին տեղում խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում որոշվել է, որ շինարարական թերությունների վերացման նպատակով Սպիտակում կառուցվող 220 անհատական տների հանձնման ժամանակացույցը տեղափոխվում է ընթացիկ տարվա հունիս։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Գյումրի եւ Սպիտակ կատարած իր այցի ժամանակ աղետի գոտում բնակարանաշինություն իրականացնող «Գլենդել Հիլս» ընկերության աշխատանքներից (որին, ի դեպ, այս տարվա բյուջեից տրամադրվել է շուրջ 24 մլրդ դրամ) դժգոհ էր մնացել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։