Թուրքական խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների քվեարկության հերթական նիստի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամենակարեւոր կետերից մեկի քվեարկության ընթացքում ծանր հարված է ստացել իր իսկ կուսակիցների կողմից:
Մայիսի 3-ին Թուրքայի խորհրդարանում Էրդողանի կառավարության կողմից խորհրդարան ներկայացրած սահմանադրական բարեփոխումների փաթեթի ամենակարեւոր 8-րդ կետը, որը, ընդունվելու դեպքում, այսուհետ դժվարեցնելու է կուսակցությունների փակումը, չի հավաքել անհրաժեշտ 330 ձայնը: Խորհրդարանում ներկա գտնվող Էրդողանի ժպիտը սառել է դեմքին, երբ հայտարարվել է, որ հիշյալ կետը 3 ձայնի տարբերությամբ դուրս մնաց փաթեթից: Իշխող կուսակցության անդամ, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ալի Շահինը, չկարողանալով հավատալ արդյունքներին, երկու անգամ հաշվել է քվեարկության արդյուքները:
Էրդողանի համար բավականին ծանր է ընդունել այս փաստ, քանի որ իր կուսակցության առնվազն 8 պատգամավոր դեմ է քվեարկել իրենց իր իսկ կողմից առաջարկած բարեփոխումների փաթեթի այն կետին, որը դժվարեցնելու է կուսակցությունների փակումը: Այս իրադարձությունը Թուրքիայում քննարկումների առիթ է դարձել:
Փաթեթից 8-րդ կետի դուրս մնալը ուրախացրել է թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունների ղեկավարներին:
Թուրքական Taraf-ը իր առաջին էջում հիշյալ 8 պատգամավորներին անվանել է Թուրքիայի գլխավոր դատախազ Յալրընքայայի պատգամավորներ: Taraf-ը ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ Օջալանի կոչով՝ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը եւս դեմ է քվեարկել հիշյալ նախագծին:
Նշենք, որ Գլխավոր դատախազ Աբդուռահման Յալչընքայան ակնարկել է, որ ուսումնասիրվում են նյութեր՝ Էրդողանի գլխավորած «Արադարություն եւ զարգացում» կուսակցության դեմ կրկին փակման հայց ներկայացնելու ուղղությամբ:
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից խորհրդարան ներկայացված սահմանադրական բարեփոխումների 8-րդ կետը դժվարացնելու էր կուսակցությունների փակումը, իսկ փակման գործընթացի դեպքում փակման որոշումը պետք է անցներ խորհրդարանով:




























