Մայիսի 2-ին Աթենքի «Աթինայիկոն» սրահում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի նորաբաց մասնաճյուղի շնորհանդեսը, որի նպատակն էր համայնքային լայն շրջանակներին ծանոթացնել Հիմնադրամի առաքելությանը, գործունեությանն ու նպատակներին, հայրենիքում ու Արցախում նրա կողմից իրականացվող ծրագրերին:

Ներկաների թվում են եղել հունահայ համայնքի կազմակերպությունների ու միությունների ղեկավարներն ու անդամները, հոգևոր առաջնորդները, Հայաստանի դեսպանության աշխատակազմը:

Ցուցադրվել են տեսաֆիլմեր, որոնք պատմել են Հիմնադրամի անցած ուղու, Արցախում և հատկապես Շուշիում նրա իրականացրած ծրագրերի մասին: Ելույթներ են ունեցել Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչանը, հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի ատենապետ դր. Վաչե Տեր-Կարապետյանը, ով նաեւ ներկայացրել է մասնաճյուղի վարչության անդամներին: Վերջիններս նույնպես հանդես են եկել պարզաբանումներով, ուրվագծել են Հիմնադրամի Հունաստանի մասնաճյուղի առաջիկա անելիքները` այդ թվում նոյեմբերի 7-ին նախատեսված հեռուստամարաթոնի անցկացումը: