ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործով ստուգվում է նաեւ գողություն կատարելու կասկածանքով Վ.Խալաֆյանի հետ բերման ենթարկված, հետագայում կալանավորված Ա.Իսպիրյանի, Շ.Մարկոսյանի եւ Դ.Գյուլումյանի նկատմամբ Չարենցավանի ոստիկանության բաժնում ապրիլի 13-ին բռնություններ կիրառված լինելու մասին մամուլի հրապարակումների իսկությունը:

Հիշեցնենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հանդիպել է այդ երիտասարդների հետ, որոնք ասել են, որ իրենց նկատմամբ եւս բռնություն է կիրառվել եւ եթե չգրեին այն, ինչ իրենցից պահանջվում է, ապա ոստիկանությունից կենդանի դուրս չէին գա:

Իսկ ահա ՀՔԾ-ն հայտնում է, որ Ա.Իսպիրյանին, Շ.Մարկոսյանին եւ Դ.Գյուլումյանին առաջարկվել է ցուցմունք տալ դեռեւս ապրիլի 19-ին, որի ընթացքում Շ.Մարկոսյանը եւ Ա.Իսպիրյանը գրավոր հայտնել են, որ իրենց նկատմամբ որեւէ բռնություն չի գործադրվել, արժանապատվությունը վիրավորող գործողություններ չեն կատարվել, իսկ Դ.Գյուլումյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ:

Ըստ ՀՔԾ-ի, Ա.Իսպիրյանը, Շ.Մարկոսյանը եւ Դ.Գյուլումյանը ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության, որոնց եզրակացությունների համաձայն՝ նրանց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Հաշվի առնելով, որ մայիսի 3-ին եւ 4-ին մամուլում վերստին եղել են հրապարակումներ առ այն, որ Դ.Գյուլումյանի նկատմամբ կիրառվել են բռնություններ՝ վկայակոչելով նրա հարազատներին, ապա քննիչը մայիսի 4-ին կրկին Դ.Գյուլումյանին առաջարկել է տալ ցուցմունքներ ոստիկանության Չարենցավանի բաժնում հնարավոր բռնությունների վերաբերյալ, սակայն նա կրկին հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Քրեական գործով նախաքննության օբյեկտիվությունն ապահելու համար ՀՔԾ-ն մայիսի 4-ին գրավոր դիմել է ՀՀ օմբուդսմենին՝ խնդրելով տրամադրել Ա.Իսպիրյանին, Շ.Մարկոսյանին եւ Դ.Գյուլումյանին այցելության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ: Միաժամանակ հարցումներ են ուղարկվել «Նուբարաշեն» ՔԿՀ եւ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր՝ Ա.Իսպիրյանին, Շ.Մարկոսյանին եւ Դ.Գյուլումյանին տվյալ հիմնարկներ ընդունելիս բուժզննման ենթարկելու արդյունքների մասին տեղեկություններ տրամադրելու համար: Չարենցավանի ոստիկանությունից գրավոր պատասխանել են, որ վերոնշյալ անձանց մարմինների վրա մարմնական վնասվածքներ չեն եղել: «Նուբարաշեն»-ից պատասխան դեռեւս չի ստացվել:

Ինչ վերաբերում է նույն գողության գործով ոստիկանության բաժին բերման ենթարկված, հետագայում ազատ արձակված Նորայր Չիլյանին եւ Արայիկ Առաքելյանին, ապա ՀՔԾ-ն հայտնում է, որ այն պահին, երբ այս գործը ընդունվել է ՀՔԾ վարույթ, որեւէ տեղեկություն չի եղել բերման ենթարկված, այնուհետեւ ազատ արձակված անձանց վերաբերյալ: Հետագայում է պարզվել, որ այդ անձինք հանդիսանում են Չարենցավան քաղաքի բնակիչներ, նրանցից Նորայր Չիլյանը 2010 թվականի ապրիլի 16-ին, իսկ Արայիկ Առաքելյանը 2010թ ապրիլի 18-ին մեկնել են Հայաստանից: Հիշյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ տրվել է համապատասխան հանձնարարական:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, այդ երիտասարդներին ոստիկանությունում «խորհուրդ են տվել» հեռանալ Հայաստանից: