Երեւան-Լոնդոն-Երեւան չվերթի չվացուցակը այսօրվա դրությամբ ոչ մի կերպ չի խաթարվել, քանի որ Իսլանդիայում ժայթքած հրաբուխը ծածկել է միայն Հյուսիսիային Իռլանդիայի եւ Շոտլանդիայի երկինքը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ British Midland International-ի երեւանյան ներկայացուցչության արտաքին կապերի պատասխանատու մարմնի ղեկավար Էրիկ Գյուլազյանը՝ մեկնաբանելով տեղեկություներն այն մասին, թե Մեծ Բրիտանիայի օդանավակայանների մեծ մասը իսլանդական Էյաֆյատլայոկուդլ հրաբխի հերթական ժայթքման պատճառով կրկին փակ է։
Նշելով, որ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում վայրէջքներ կատարելու հետ խնդիրներ դեռեւս չկան, ընկերության ներկայացուցիչն ավելացրեց, որ անհանգստանալու կարիք չկա։
Հարցին, թե հասցրե՞լ է արդյոք British Midland International-ը հաշվարկել վերջերս Իսլանդիայում ժայթքած հրաբխի պատճառով հետաձգված եւ չեղյալ հայտարարված ավիաչվերթերից իրեն հասցված վնասի չափերը, Էրիկ Գյուլազյանը տեղեկացրեց, որ հստակ տվյալներ դեռեւս չկան, քանի որ վնասի չափերը ճշտող աշխատանքները ընթացքի մեջ են։
Նույն հարցին մոտավորապես նույն կերպ պատասխանեց նաեւ «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նման հաշվարկներ ընկերությունը դեռեւս չի կատարել։
Հիշեցնենք, որ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 150 կմ հեռավորության վրա գտնվող Էյաֆյատլայոկուդլ հրաբուխը սկսել էր ժայթքել մարտի 12-ին: Արդյունքում գոյացել էին հրաբխային մոխրի ամպեր: Իսլանդական հրաբխի ժայթքումը կաթվածահար էր արել Եվրոպայի տրանսպորտային համակարգը:




























