Հայաստանում մամուլի ազատության ինդեքսի նվազումը երկրի քաղաքական իրավիճակով է պայմանավորված, մայիսի 3-ին կարծիք է հայտնել Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ մեկնաբանելով «Freedom House»-ի  ամենամյա զեկույցը՝ 197 երկրներում մամուլի ազատության վերաբերյալ։

Ըստ Նավասարդյանի՝ խոսքն առաջին հերթին խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների մասին է։ Նա նաեւ չի բացառում, որ ինդեքսը կազմելիս հաշվի է առնվել ՄՄ մտնելու վերաբերյալ Հայաստանի հայտարարությունը, քանի որ պետությունը ցանկանում է սերտանալ այն երկրների հետ, որոնցում խոսքի ազատության եւ լրագրողի անձնական անձեռնմխելիության իրավունքը բացարձակ արժեք չեն հանդիսանում։ Պատահական չէ, որ ամենացածր ցուցանիշները Եվրասիայում են։  «Այսպիսով, ՄՄ մտնելով, Հայաստանը կարող է բախվել մամուլի ազատության հետ կապված զանազան խխնդիրների»։

Զեկույցին ընդհանուր գնահատական տալով՝ Նավասարդյանը նշել է, որ ինդեքսը կարելի է համարել օբյեկտիվ, սակայն կա մեկ բաց, այն է՝ վերլուծություն կատարելիս կազմակերպությունը նույն պահանջներն է ներկայացնում բոլոր երկրներին՝ հաշվի չառնելով նրանց ազգային եւ մշակութային առանձնահատկությունները։ Իր կողմից փորձագետը հավեել է, որ Արեւելյան գործընկերության շրջանակում մամուլի ազատության  մակարդակի սեփական ուսումնասիրություն է տարվում, որի պաշտոնական տվյալները կներկայացվեն մայիսի 8-ին։

Այդ վերլուծության նախնական տվյալներով՝ Հայաստանը զբաղեցնում է 3-րդ տեղը՝ զիջելով Վրաստանին եւ Մոլդովային: Ինչ վերաբերում է Բելառուսին եւ Ադրբեջանին, ապա այդ երկրներում պետական վերահսկողությունը եւ ազդեցությունը տարածվում են գրեթե բոլոր լրատվամիջոցների վրա: Խոսելով Ուկրաինայի մասին՝ Նավասարդյանը նշել է, որ խոսքի ազատության մակարդակի կտրուկ անկումը կապված է Մայդանում եւ Կիեւում իրադարձությունները լուսաբանող լրագրողների հետապնդումների հետ: