Մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին տրվող պարտադիր զինվորական ծառայությունից տարկետմամբ տեղերի քանակը կիսով չափ կրճատելու հետ կապված ուսանողները նամակ են հղել երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում ասվում է.

«Մենք, Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողների, ասպիրանտների եւ դասախոսների ներկայացուցիչներս, չներկայացնելով որևէ քաղաքական ուժ, մեր կտրական բողոքն ենք արտահայտում Կառավարության մարտի 18-ի և ապրիլի 22-ի որոշումների դեմ, որոնցով էականորեն կրճատվել են մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին տրվող պարտադիր զինվորական ծառայությունից տարկետմամբ տեղերի քանակը:

Մենք չենք համարում, որ այդ կրճատումը ուղված է ՀՀ Զինված Ուժերի համալրմանը, քանի որ մի քանի հարյուր ասպիրանտուրա և մագիստրատուրա չանցածները չեն ավելացնի բանակում ծառայողների քանակը նույնիսկ կես տոկոսով (առավելևս, որ 1991 և 1992 թվականներին ծնված տղաների ավել է, քան դրանց նախորդող տարիներին): Փոխարենը, մենք համոզված ենք, որ չընդհատելով ուսման պրոցեսը և դառնալով բարձրակարգ մասնագետներ, նրանց օգտակարությունը Հայաստանին կլինի ավելի նշանակալի և պահանջված, ծառայելով բարեկեցության և կենսամակարդակի աճին:

Մենք ընդունում ենք, որ ասպիրանտուրայում և մագիստրատուրայում սովորում (իսկ ավելի ճիշտ` չեն սովորում) անձինք, ովքեր որևե կապ չունեն գիտության հետ, մենք նաև ողջունում ենք Կառավարության՝ այդ արատավոր երևույթի դեմ պայքարելու ցանկությունը: Սակայն, մենք համարում ենք, որ այդ երևույթի դեմ տարկետման տեղերի համընդանուր կրճատելու մեթոդով պայքարելով էական և անդարձ վնաս է հասցվում հայրենական գիտությանը, ինչը իր հերթին, հղի է տնտեսությանը որակական սղաճով, և որպես ածանցյալ նաև Զինված ուժերի մարտունակության անկմամբ: Կարծում ենք, որ Կառավարությունը պետք է գտնի և կիրառի այլ մեթոդներ սոցիալական վերոնշյալ անարդարության դեմ (չսովորողների դեմ), և որպես տարբեր ոլորտների ներկայացնող ապագա մասնագետներ առաջարկում ենք.

1. Հրապարակայնացնելով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության գործընթացը՝ նվազեցնել անօրինական ճանապարհով ընդունվողների քանակը` հօգուտ արժանավորների: Մասնավորապես՝ բուհերի ֆակուլտետներում հրապարակել ա) բոլոր քննությունների և ստուգարքների արդյունքները՝ դրանց անցկացումից ոչ ուշ, քան հաջորդ օրը, բ) բոլոր մագիստրոսական թեզերը՝ դրանց պաշտպանությունից առնվազն 1 շաբաթ առաջ:

2. Վերաբացելով ռազմական ամբիոնները, կամ որևէ այլ կերպով փոխելով զինապարտության կարգը, ազատելով ապագա գիտնականներին 2 տարի բանակում որպես զինվոր (լավագույն դեպքում` սերժանտ) ծառայելու պարտականությունից, առավել կրթված ուսանողներին դարձնել մարտունակ պահեստային, որը խաղաղ ժամանակ կզարգացնի Հայաստանը գրիչը ձեռքին, իսկ պատերազմի օրոք, համադրելով իր մասնագիտական գիտելիքները, ռազմական ամբիոնում ստացած հմտությունները և ընդհանուր կրթվածությունն ու զարգացած մտածելակերպը, կբերի առավելագույն ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում:

Հիմնվելով վերոգրյալի վրա` գտնում ենք, որ ՀՀ Կառավարությունը պետք է, վերագնահատելով իրավիճակը, վերանայի իր մագիստրոսական և ասպիրանտական` բանակից տարկետումով տեղերի կրճատման քաղաքականությունը և միջոցներ ձեռնարկի Հայաստանի ինտելեկտուալ հասարակության վերաարտադրության ուղղությամբ»: