Ես ցավում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը, բացի իշխանափոխության գաղափարից, հարակից այլ խնդիրների վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ զլանում է անել. այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ՀԱԿ-ը, միայն իշխանափոխություն իրականացնելով, կարող է լուծել բոլոր առկա խնդիրները։ Մայիսի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Նշելով, որ ՀԱԿ-ը, բացի իշխանափոխությունից, հասարակությանը պետք է այլընտրանքային ծրագրեր առաջարկի, Մելիքյանը համոզմունք հայտնեց, որ դա ընդդիմադիր քաղաքական ուժի պարտավորությունն է. «ՀԱԿ-ը պետք է կարողանա արտահայտվել մեզ հուզող հարցերի շուրջ՝ ղարաբաղյան հարց, հայ-թուրքական գործընթաց. հարցը միայն քննադատությունը չէ, այլ այլընտրանքային գաղափարներ առաջարկելը»,- նշեց ԼՂՀ նախկին պաշտոնյան՝ ավելացնելով, որ հասարակության զգալի մասը հակված է դեպի ՀԱԿ-ը եւ սպասելիքներ ունի, որոնք դեռեւս չեն իրագործվել։

Ասուլիսի մյուս բանախոս, Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ ներկայիս իշխանությունները քաղաքական պոտենցիալ չունենալու պատճառով «դրական ոչինչ չկարողացան անել»։ «Այս պարագայում միակ ելքն իշխանափոխությունն է, քանի որ իր առջեւ ծառացած խնդիրներն այս երկիրը չի կարող լուծել՝ ունենալով նման խայտառակ Ազգային ժողով կամ ԱԳ նախարարություն»,- նկատեց ընդդիմադիր գործիչը՝ միեւնույն ժամանակ ավելացնելով, որ իշխանությունների շարքերում կան գործիչներ, որոնց «ձեռքերն արյունոտ չեն, եւ որոնց ՀԱԿ-ն իր թշնամին չի համարում»։