«Հայ ավանդական կուսակցություններին ու Սփյուռքի լոբբիստական կառույցներին հղված ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի ուղերձի գաղափարը ծագել է ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարների շուրջ հայ եւ արտասահմանցի զանազան քաղաքական գործիչների ու փորձագետների հետ քննարկումների արդյունքում»,- Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» ամսագրին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը՝ հավելելով, որ այս թեման «ավելի հրատապ է դարձել հայ-թուրքական երկխոսության շուրջ ծավալված վերջին իրադարձություններից եւ ԼՂՀ-ի ու Հայաստանի անվտանգ ապագային սպառնացող, այսպես կոչված, „մադրիդյան սկզբունքների“ հրապարակումից հետո»:
Բացի այդ, ըստ Մայիլյանի, վերջին ժամանակներս Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո ստեղծվել են նախկին «մետրոպոլիաների» կամքին հակառակ նոր պետությունների ճանաչման նախադեպեր: «Ըստ էության, ԱՄՆ-ը, Եվրամիության երկրների մեծամասնությունը, Ռուսաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ պետություններ, ունենալով տարբեր դրդապատճառներ, այդուամենայնիվ, նախընտրել են չճանաչված պետությունների ճանաչման ուղին: Նշյալ երկրները եկել են այն եզրահանգման, որ ճանաչումը հանդիսանում է հակամարտային գոտիներում անվտանգության ամրապնդման եւ կայունության ապահովման իրական լծակ, ինչը, ամեն ինչից զատ, մեծ ջանքեր ու ծախսեր չի պահանջում»:
«Խորհրդի անդամների եւ փորձագետների կարծիքով՝ առկա միջազգային նոր պայմաններում ԼՂՀ միջազգային ճանաչմանը նպատակամիտված սփյուռքահայ կազմակերպությունների եւ ԼՂՀ-ի ու Հայաստանի պաշտոնական կառույցների ներդաշնակ գործունեությունը հաջողությամբ կպսակվի: Արտերկրի մեր հայրենակիցները մեծ փորձ ունեն, որ տասնամյակների ընթացքում ձեռք են բերել Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործունեությունում: Եկել է ժամանակն այդ փորձն օգտագործելու Արցախում հայոց հաղթանակների միջազգային-իրավական ամրապնդման համար»,- ընդգծել է նա:




























