Ադրբեջանը փորձում է արագացնել ղարաբաղյան գործընթացը եւ հասնել իր երազած արդյունքին, իսկ բանակցային գործընթացն ընթանում է հենց նրա նախընտրած տրամաբանությամբ եւ նրա ցանկություններին համահունչ։ Լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի՝ ԼՂ բանակցային գործընթացից դուրս գալու հայտարարությունները հավասարազոր են պատերազմը վերսկսելու հայտարարություններին. «Ինչ վերաբերում է հայկական զինուժի՝ Ղարաբաղի որոշ տարածքներից դուրսբերման հարցին, ապա դա Ադրբեջանի ցանկությունն է, եւ պարտադիր չէ, որ այդ ցանկությանը Հայաստանում արձագանքեն»,- ընդգծեց Մելիքյանը՝ վստահություն հայտնելով, որ եթե անգամ Հայաստանն արձագանքի այդ ցանկություններին, ապա դա կանի ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի, այլ միայն Ռուսաստանի դրդմամբ:
«Ռուսաստանն Ադրբեջանում հիմնավորապես վերահաստատվելու խնդիր ունի, եւ այս տեսանկայունից ԼՂՀ տարածքների մի մասը կարող է դառնալ այն սակարկության առարկան, որի միջոցով Ռուսաստանը կփորձի վերահաստատվել Ադրբեջանում»,- ընդգծեց Ա. Մելիքյանը:
Հարցին, թե հավանական համարո՞ւմ է արդյոք բանակցային գործընթացի ձեւաչափի հնարավոր փոփոխությունը, Ա. Մելիքյանը նկատեց, որ նման բան լիովին հնարավոր է, սակայն դրա համար պետք է նոր պայմաններ հասունանան: «Իսկ ղարաբաղյան ակտիվ բանակցային գործընթացին կա դեռեւս 3-5 տարի»,- նշեց նա։




























