«Ինձ զարմացնում է ոստիկանապետի կողմից ինքնասպանության վարկածի պնդումը»,-այսօր` մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում ապրիլի 13-ին դանակի հարվածից մահացած Վահան Խալաֆյանի գործին։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասուլիսում հայտարարել էր, որ Վահան Խալաֆյանն ինքնասպան է եղել եւ Ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում նրա նկատմամբ բռնություն չի գործադրվել, սակայն երբ հետագայում բացահայտվել էր բռնության փաստը, նա հրապարակավ ներողություն էր խնդրել, սակայն պնդել էր, որ Խալաֆյանն ինքնասպան է եղել:

«Մինչև հիմա Գարիկ անունով օպերը ազատության և ծառայության մեջ է: Մտահոգություն ունեմ, որ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետն իր լծակները կարող է օգտագործել ազդելու կալանքի տակ գտնվող մարդկանց և նրանց հարազատների վրա, որը կարող է այնպես դրսեւորվել, որ նրանք ընդհանրապես հրաժարվեն պնդել, թե իրենց նկատմամբ բռնություն է կատարվել»,- ասել է նա: Նշենք, որ ըստ ՀՔԾ-ի, Խալաֆյանի հետ ձերբակալված երեք երիտասարդներից երկուսն արդեն ցուցմունք են տվել, թե իրենց նկատմամբ բռնություն չի կատարվել, իսկ Դավիթ Գուլումյանը հրաժարվել է որեւէ ցուցմունք տալ այդ կապակցությամբ:

Սակայն մինչ այդ, Արթուր Սաքունցի հետ հանդիպման ժամանակ Դավիթ Գուլումյանն հաստատել է, որ ոստիկանության բաժնում իրենից բռնությամբ խոստովանական ցուցմունք են կորզել, եւ եթե չգրեր այն, ինչ պահանջել են, ապա ինքը եւս ոստիկանության բաժնից կարող էր ողջ դուրս չգալ:

Սաքունցն այսօր հայտարարել է, որ եթե Դավիթ Գուլումյանի կամ նրա հարազատների հետ որեւէ դեպք պատահի, ապա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է նախաքննության մարմնի վրա։

«Կարծում եմ, որ ոստիկանապետը վաղուց պետք է հեռացված լիներ այդ պաշտոնից։ Ակնհայտ սուտ ցուցմունքի համար Սարգիս Հացպանյանին դատապարտում են, իսկ ոստիկանապետին՝ ոչ։ Այս խտրական մոտեցումն ինձ մոտ մտահոգություն է առաջացնում»,-հայտարարել է իրավապաշտպանը:

Ի դեպ, եւս երկու երիտասարդ, որոնք Խալաֆյանի հետ բերման էին ենթարկվել, սակայն չէին կալանավորվել, հեռացել են Հայաստանից: Ըստ մամուլի, նրանց կանչել են ոստիկանություն, վերադարձրել են անձնագրերը եւ «առաջարկել» հեռանալ ՀՀ-ից: