2010թ. առաջին եռամսյակում ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության 14% աճով: Այսօր` մաիյիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել տնտեսագետ վերլուծաբան Սամվել Ավագյանը: «Այդ 14% աճի մեջ, իմ հաշվարկներով, 7%-ը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը, որն առաջին եռամսյակի կտրվածքով մոտ 58% աճ է արձանագրել՝ պայմանավորված միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գնի աճով։ Այսօրվա դրությամբ պղնձի գինը միջազգային շուկայում հասել է 1 տոննայի դիմաց 7000 դոլարի, որը շատ լավ, բարձր ցուցանիշ է, եւ մեր հանքարդյունաբերական ընկերություններին թույլ է տալիս մտնել գերշահույթների դաշտ»,- նշել է նա ու հավելել, որ հենց դրանով է պայմանավորված, որ ՀՆԱ-ի ներկա աճը սպասվածից ավելին է։ «Բայց խոսել որակական տեղաշարժերի մասին, որին մենք բոլորս շատ ենք կարոտել և անընդհատ դա ենք քննադատում, այդ որակական տեղաշարժերը չկան»,-ասել է տնտեսագետը, հավելելով, որ աճը ձեռք է բերվում հանքերն ավելի ինտենսիվ շահագործելու հաշվին, իսկ դա որակական տեղաշարժ համարել չի կարելի: «Եթե զրոյացնենք հանքարդյունաբերության աճը, ապա արդյունաբերության աճը դժվար գերազանցեր 3%-ը, ինչով էլ պայմանավորված՝ կիջնի նաև ՀՆԱ-ի 5,5% աճը»,- ընդգծել է նա:
Ս. Ավագյանի ներկայացմամբ, տնտեսության մեջ դրական միտումներ կան, եւ ոչ ոք դա չի կարող ժխտել, բայց դա դեռևս այն մակարդակը չէ, որ լավատեսության հիմքեր տա։ «Մենք մտել ենք ռեցեսիայի փուլ՝ անկումը դադարել է, եւ մենք որոշակի կայունացման ենք գնում»,-ասել է նա:




























