«Հայ-թուրքական գործընթացի առաջին փուլն ավարտվեց թուրքական կողմի զգալի առավելությամբ. թուրքերը միջազգային հանրության շրջանակներում կարողացան ամրագրել այն թեզը, որ Հայաստանը հարմարվել է Կարսի պայմանագրով ունեցած տարածքային կորուստների հետ» ,- այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։
Նրա համոզմամբ, պնդումները, թե հայ-թուրքական գործընթացի կասեցմամբ հայկական կողմը հաղթանակ տարավ Թուրքիայի հանդեպ, եւ հայ-թուրքական գործընթացն արդեն մեռած է, հեռու են իրականությունից:
«Մեռած է Հայաստանի քաղաքական կամքը եւ քաղաքականություն վարելու ունակությունը։ Գործընթացը կասեցնելու հայկական կողմի որոշումն անգամ աշխատում է ի օգուտ Թուրքիայի։ Դրանով Հայաստանը փաստացի քարտ-բլանշ տվեց նրան»,- համոզմունք հայտնեց Մելիքյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը դադարել է Թուրքիայի հետ հավասար-գործընկերային դիրքերում լինել եւ գերտերությունների ձեռքում շարունակում է գործիք մնալ. «Միայն մեր ունեցած զինանոցն օգտագործելու եւ այս արհեստածին իրավիճակը փոխելու դեպքում Հայաստանը կդառնա գործոն. առայժմ նա գործիք է»,- նկատեց ԼՂՀ նախկին պաշտոնյան՝ նշելով, որ ներկայումս Հայաստանը մի կողմ քաշված վիճակում է, եւ հայ-թուրքական գործընթացին առնչվող որոշումներ կարող են ընդունվել առանց Հայաստանի տեսակետը հաշվի առնելու։
Ասուլիսի մյուս բանախոս, Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, համաձայնելով Մելիքյանի դիտարկումների հետ, ավելացրեց, որ «հայ-թուրքական սիրախաղն սկսելուց առաջ Հայաստանի իշխանությունները պետք է հասկանային, որ դրա համար ժամանակ եւ ռեսուրսներ են պետք»: Նրա կարծիքով, հայ-թուրքական գործընթացում Հայաստանն այսօր դադարել է սուբյեկտ լինել եւ պատրաստ է գնալ գերտերությունների կայացրած որոշումների հետեւից. «Չտեսնել այն, ինչ հիմա ունենք, ոչ թե կարճատեսություն է, այլ դավաճանություն»,- ամփոփեց Հովհաննիսյանը։




























