Վրացական կողմը Հայաստանի գազամատակարարման վերականգնման ժամկետների մասին դեռեւս ոչ մի կոնկրետ բան չի հայտարարել։

Ինչպես NEWS.am-ը պարզել է Վրաստանի նավթի եւ գազի կորպորացիայում, այսօր երեկոյան կփորձարկվի Հարավ-Հյուսիս գազատարը, որով էլ ռուսական գազը Վրաստանից հասնում է Հայաստան։ Միայն դրանից հետո պարզ կլինի, թե երբ կվերականգնվի Հայաստանի գազամատակարարումը։

Նշենք, որ դեռ առավոտյան «ՀայՌուսգազարդում» NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որո՞նք են գազամատակարարման դադարեցման պատճառները, պատասխանել էին. «Մեզ անհասկանալի պատճառներով գազը չի հասնում Հայաստան։ Վրացական կողմը չի վերականգնում գազամատակարարումը»,- հայտարարել էր «ՀայՌուսգազարդի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը։ Նրա խոսքով, սակայն, Հայաստանի ներքին պահանջարկը բավարարվում է առանց սահմանափակումների՝ պահեստավորված գազի շնորհիվ։

Հիշեցնենք, որ գազամատակարարումը դադարեցվել էր դեռեւս ապրիլի վերջերից՝ Վրաստանի Կազբեկիի շրջանում տեղի ունեցած սողանքների պատճառով։ Չնայած վրացական կողմը խոստացել էր, որ գազամատակարարումը կվերականգնվի 2-3 օրվա ընթացքում, գազատարը մինչ օրս չի գործում։