Ջեյմս Ուորլիքի ելույթում ուղերձներ են հնչել ոչ միայն Երեւանին եւ Բաքվին, այլեւ Ղարաբաղին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Քարնեգիի հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի հիմնադրամի ծրագրերի ավագ աշխատակից Թոմաս դե Վաալը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մայիսի 7-ի ելույթը Վաշինգթոնում, Քարնեգիի հիմնադրամում:

«Երեւանի համար ուղերձն այն է, որ կարելի է անել «վերջին, վստահ քայլը»: Պետք չի լինել շատ զգույշ, արժե մտածել առանցքային հարցերի շուրջ բարձր մակարդակի բանակցությունների հնարավորության մասին»,-նշել է Վաալը:

Բացի այդ, հնչել է բաց հիշեցում «օկուպացված տարածքների» եւ դրանց վերադարձի անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ այն, որ Լաչինի միջանցքը չի կարող ներառել ողջ Լաչինի շրջանը, հավելել էնա:

Թոմաս դե Վաալը նշել է, որ ադրբեջանական կողմի համար ուղերձն այն էր, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեն «ընտրության հարց չէ», իսկ միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր: «Բացի այդ, աջակցություն է հնչել երկրորդ մակարդակի դիվանագիտությանը (ոչ ֆորմալ շփումներին-խմբ), եւ կոչ՝ ընդլայնել դիտոդների լիազությունները շփման գծում»,-ասել է Վաալը:
Նրա կարծիքով՝ ղարաբաղցիների համար դրական ազդակ էր խոսքն այն մասին, որ «ցանկացած երկարաժամկետ խաղաղ համաձայնագիր պետք է արտահայտի բոլոր շահագրգիռ կողմերի մոտեցումները»: Փորձագետը չհամաձայնեց, որ փախստականների եւ բռնի տեղահանվածների մասին Ուորլիքի խոսքը վերաբերել է միայն ադրբեջանական կողմին: «Դա այդպես չէ: Հայ փախստականների վերաբերյալ ասվեց, որ «կայուն կարգավորումը պետք է ներառի բոլոր բռնի տեղահանվածների եւ փախստականների՝ իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու իրավունքների ճանաչում»:

Թեեւ, իհարկե, կարելի է սպասել, որ նրանցից շատերը չեն փորձի օգտվել այդ իրավունքից եւ կնախընտրեն որոշակի փոխհատուցում ստանալ»,-ասել է քաղաքագետը:

Նշենք, որ Ուորլիքի ուղերձը՝ Ադրբեջանին հանձնել այսպես կոչված «օկուպացված  տարածքները» բավական բացասական արձագանք է գտել Հայաստանում: