Հայաստանի մարզերի մի շարք գյուղական համայնքներում ընտրությունների անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կառավարությունը կհատկացնի 15 մլն 448430 դրամ։ Այսպիսի որոշում գործադիրը կայացրել է այսօրվա նիստի ընթացքում։

Նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Սյունիքի մարզի Թանահատի, Լոռու մարզի Ահնիձորի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները, նշանակել եւ անցկացնել նրանց արտահերթ ընտրություններ, ֆինանսավորել ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը։

Կառավարությունը որոշել է նաեւ նշանակել Վայոց ձորի մարզի Ագարակաձորի եւ Արագածոտնի մարզի Մեծաձորի գյուղական համայնքների ավագանու անդամների արտահերթ ընտրություններ, ֆինանսավորել դրանց նախապատրաստման եւ անցկացման ծախսերը։

Գործադիրը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է Արմավիրի, Արարատի, Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի մի շարք գյուղական համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 15 մլն 448430 դրամ, ՀՀ ոստիկանությանը` 3 մլն 262525 դրամ։