Այսօր` մայիսի 6-ին ՀՀ ԱԳՆ ընդունելությունների սրահում տեղի է ունեցել ԱԳՆ եւ Երեւանում ԵՄ պատվիրակության կազմակերպած ընդունելությունը, որին ներկա են եղել ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, Երեւանում հավատարմագրված դեսպաններ եւ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, ընդունելությանը ելույթով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա իր խոսքում գոհունակություն է հայտնել, որ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման կազմակերպումը Հայաստանում դարձել է ավանդական, եւ խորհրդանշական է, որ այս տարի առաջին անգամ այն կազմակերպվում է ԱԳՆ-ում՝ ԵՄ պատվիրակության հետ համատեղ, ինչը նախարարի բնորոշմամբ, վկայում է եվրոպական ժողովուրդների ընտանիքում առավել ներգրավվելու եւ Եվրոպայի միասնական ապագայի կերտմանն առավել գործուն մասնակցություն ունենալու ՀՀ ցանկության մասին:

Խոսելով Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների մասին` Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Որքան որ հին է եվրոպական մայրցամաքը, նույնքան եւ հին են Հայաստանի ու հայ ժողովրդի կապերը Եվրոպայի հետ: Այսօր Հայաստանն անդամակցում է մայրցամաքի առանցքային կառույցներին` ԵԽ-ին ու ԵԱՀԿ-ին, իր ներդրումը բերելով դրանց աշխատանքներին եւ համաեվրոպական օրակարգի ձեւավորմանն անվտանգության եւ ժողովրդավարության ամրապնդման հարցերում:

Մենք մեծապես կարեւորում ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների շարունակական խորացումը: Եվրամիության եւ Հայաստանի միջեւ առկա է ամենաբարձր մակարդակի քաղաքական սերտ երկխոսություն եւ համագործակցություն: Հանրապետության նախագահի առաջիկայում նախատեսվող այցը Բրյուսել միտված է առավել ամրապնդելու, ընդլայնելու եւ խորացնելու այդ համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում»:

Ողջույնի խոսքով ներկաներին է դիմել նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը, ով կարեւորել է ԱԳՆ հետ համատեղ միջոցառման կազմակերպումը, ինչը վկայում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ առավել ամրապնդվող համագործակցության մասին: