Մայիսի 6-ին Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիսավոր արարողության ժամանակ ունեցած իր ելույթում դեսպան Ղալաչյանը կարեւորել է Հայաստանի երկկողմ կապերի հետագա զարգացումն ու խորացումը բարեկամ Կիպրոսի հետ, որտեղ Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո ապաստան ու երկրորդ հայրենիք են գտել մեր բազմաթիվ հայրենակիցները:

Հավատարմագրի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների հետագա աշխուժացման ուղիների, միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:

Նախագահ Խրիստոֆիասը Հայաստանի դեսպանին խնդրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել Կիպրոսի Հանրապետություն այցելելու իր հրավերը:

Նախորդ օրը դեսպան Ղալաչյանի հանդիպումներ է ունեցել Կիպրոսի խորհրդարանում հայկական համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի, Կիպրոսի հայոց թեմի առաջնորդ գերաշ. Վարուժան արք. Հերքելյանի, կիպրահայ համայնքային կառույցների եւ հայ ավանդական քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ: Հայաստանի դեսպանն այցելել է նաեւ «Նարեկ» հայկական վարժարան եւ Մելքոնյան կրթական հաստատություն: