Մայիսի 6-ին Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Ջոանան ընդունել է Ռումինիայում ՀՀ նորանշանակ դեսպան Համլետ Գասպարյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում դեսպանը ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները եւ այն հարցերը, որոնք այս պահին կանգնած են երկրի առջեւ: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հաստատմանն առնչվող հարցերին՝ Համլետ Գասպարյանը նշել է այն հնարավորությունների մասին, որոնք կարող են խթանել հայ-ռումինական համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Ռումինիայի Սենատի նախագահն իր հերթին, արժեւորելով Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ բարձր մակարդակով ընթացող քաղաքական երկխոսությունը, պատրաստակամություն է հայտնել այն ընդարձակել նաեւ խորհրդարանական մակարդակով:

Որպես համագործակցության արդյունավետ եւ հեռանկարային շրջանակներ՝ Միրչա Ջոանան նշել է ԵՄ Արեւելյան գործընկերությունը եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը: Նա հույս է հայտնել, որ տեսանելի ապագայում Հարավային Կովկասում եւ նրա շուրջ առկա լարվածությունները կթուլանան` հնարավորություն տալով լիարժեք կերպով օգտագործելու տարածաշրջանի հնարավորությունները եւ Հայաստանին ներգրավվելու տնտեսական բազմակողմ ծրագրերի մեջ: