5 տարի առաջ հեռուստացույց դիտելիս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայհոյած օդուժի նախկին սպան պատժի չի արժանացել` օգտվելով հանցանքի վաղեմության մասին օրենքից:
Մայիսի 5-ին Էսքիշեհիրի դատարաններից մեկը հանցանքի վաղեմության հիման վրա վարույթ չի ընդունել դատախազության մեղադրականը` օդուժի նախկին սպա Հալիլ Աքչագյոզի նկատմամբ, որով պահանջվում էր 2 տարվա ազատազրկում` պաշտոնյային վիրավորելու համար:
Նշենք, որ 2005-ի հունվարին այն ժամանակ դեռ օդուժերի սպա Հալիլ Աքչագյոզը զինակիցների հետ հեռուստացույց դիտելիս մի հաղորդման ժամանակ տեսել է Էրդողանին եւ հայհոյել: Այս տեսարանը նկարահանվել է եւ տեղադրվել ինտերնետում: Սպային հեռացրել են զինված ուժերից եւ նրա նկատմամբ քրեական գործ հարուցել, որը ձգվել է մինչ օրս եւ նման վախճան ունեցել:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Երեւանում «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանը երկրի այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընկերական բարեւելու համար հատուցեց կյանքով: Նրան ծեծելով սպանել էին Քոչարյանի թիկնապահները:




























