ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը «Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձի» վերաբերյալ խիստ մտահոգիչ է, որովհետեւ փոխվում են որոշակի շեշտադրումներ, եւ այս հայտարարության մեջ վտանգ կա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Ստատուս քվոյի անթույլատրելիության վերաբերյալ հայտարարությունը նորություն չէ, սակայն տարածքների վերադարձի մասին արված հայտարարությունը խիստ մտահոգիչ է, հատկապես Ուորլիքի հայտարարությունից հետո: Իրադրություն է փոխվում, եւ ես վտանգ եմ տեսնում դրա մեջ»,- ասաց նա:
Անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանի ԱԳՆ-ն շատ հաճախ հայտարարում է, որ հայկական կողմի դիրքորոշումները համահունչ են միջազգային միջնորդների դիրքորոշումներին՝ Բոզոյանը նշեց, որ հենց այս իրողությունից են օգտվում միջնորդները:
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երբեք կասկածի տակ չի դնում միջնորդների հայտարարությունները՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը անընդհատ նշում է, որ այս կամ այն կետի հետ համաձայն չէ: Հայաստանը վարում է խիստ կրավորական քաղաքականություն: Այսպիսի կրավորական եւ անողնաշար քաղաքականության շնորհիվ դիտորդները տեսնում են, որ Հայաստանի կողմից որեւէ դիմադրություն չկա, մինչդեռ Ադրբեջանն անընդհատ դիմագրավում է: Որպեսզի հարցը լուծվի, Մինսկի խմբի համանախագահները կամաց-կամաց որոշումները փոխում են հօգուտ Ադրբեջանի, ինչն էլ հասկանալի է»:
Այս իրավիճակը Երվանդ Բոզոյանը նմանեցնում է կենցաղային վեճի, երբ երկու կողմերին հաշտեցնելու համար միջնորդը, տեսնելով, որ մի կողմն իրեն շատ կոշտ է պահում, իսկ մյուսն էլ մյուսն ամեն ինչի համաձայնվում է, արդյունքում այս վեճը լուծում է՝ հօգուտ այն մարդու, որը կոշտ դիրքորոշում ունի:
«Հայաստանում այսօր բոլոր բնագավառներում խայտառակ վիճակ է, պետություն գոյություն չունի: Իշխանությունները ինքնահոսի են թողել պետական խնդիրները եւ ժողովուրդն եւ հասարակությունը շուտով ուղղակի շոկի մեջ են ընկնելու այս քաղաքականության պատճառով»,- ավելացրեց քաղաքագետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 1994թ. հրադադարի հաստատման 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանի բնակիչներին առաջարկել են խորհել վերջին երկու տասնամյակի ձեռքբերումների մասին:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Կարգավորումը պետք է ընդգրկի տարրեր, որոնք պարունակվում են համանախագահ երկրների նախագահների 2009-2013 թթ. արված հայտարարություններում, որոնք ընդգրկում են ԼՂ-ի շրջակա տարածքների վերադաձը, ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակը, անվտանգության եւ ինքնորոշման երաշխիքներ, Հայաստանը ԼՂ-ին կապող միջնացք, ինչպես նաեւ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի մասին որոշում, բոլոր ներքին տեղահանվածների եւ փախստականների վերադառնալու իրավունք եւ անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում` խաղաղապահ ուժեր»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























