NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է բրիտանացի լրագրող, Կարնեգիի հանուն միջազգային խաղաղության հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի` կազմակերպության մոսկովյան կենտրոնի կայքում հրապարակված հոդվածը:

Մինչ Սիրիայում, Իրաքում եւ վերջերս էլ` Ուկրաինայում տեղի ունեցող զանգվածային բռնության դեպքերը շարունակում են մեր ուշադրությունը գրավել, երբեմն սխալմամբ «սառեցված» համարվող հակամարտության զոհերի դանդաղ, բայց կայուն տեմպերով աճող ցանկը կարող է հեշտությամբ մոռացության մատնվել:

Այս շաբաթ 1994թ. մայիսի 12-ին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի, որով Լեռնային Ղարաբաղի համար մղվող պատերազմը դադարեցվեց, 20-ամյակը լրացավ: Ռազմական գործողությունները դադարեցվեցին, հայերը դե-ֆակտո հաղթանակ ապահովեցին երկրամասում, եւ միջազգային մակարդակով որպես Ադրբեջանի տարածք դիտարկվող շրջանների հատմամբ շուրջ 260 կմ երկարությամբ հակամարտության ճակատային գիծ ստեղծվեց եւ առանց խաղաղարար ուժերի ներկայության` «հրադադարի ինքնակարգավորվող ռեժիմ» ուժի մեջ մտավ: Այդ օրից այսպես կոչված ղարաբաղյան շփման գիծը առաջին աշխարհամարտին հատուկ ռազմական գոտու է վերածվել. խրամատները հաճախ մեկը մյուսից 100 մետրից էլ փոքր տարածության վրա են գտնվում, իսկ հրադադարի մասին համաձայնագիրը մռայլ պարբերականությամբ խախտումներ է արձանագրում:

Դժվար է շփման գծում բոլոր մահվան դեպքերը արձանագրել կամ ստուգել` հիմնականում այն պատճառով, որ ողջ ճակատային գծին ընդամենը ԵԱՀԿ վեց միջազգային դիտորդներ են հատկացվել: Նախորդ շաբաթ Կարնեգիի հիմնադրամում ելույթի ժամանակ ղարաբաղյան բանակցությունների ամերիկյան միջնորդ Ջեյմս Ուորլիքն ընդգծել էր, որ զոհերի թիվը կրճատելու համար ԵԱՀԿ-ն պետք է տեղում ավելի ուժեղ ներկայություն ապահովի: Նրա խոսքով, դիտորդները ներկայումս «հաճախակի բնույթ կրող մարդկային զոհերին վերջ դնելու կամ նույնիսկ` պատասխանատվություն սահմանելու ոչ մանդատ ունեն, եւ ոչ էլ` ռեսուրս»:

Ադրբեջանը ավանդաբար հրաժարվում է հրադադարի ռեժիմի վերահսկման ընդլայնված լիազորություններ տրամադրել այն հիմնավորմամբ, որ դա միայն ստատուս-քվոն կկարգավորի, ինչն այդ երկրի սրտով չէ: Թեկուզ եւ Բաքուն դա հենց այսպիսի ձեւակերպումներով չի արտահայտում, բայց լինելով հակամարտության պարտվող կողմ, շփման գիծն ապակայունացնելու կարողությունը հայերի վրա ազդեցություն գործելու անհրաժեշտ լծակ է համարում եւ չի պատրասվում հրաժարվել դրանից: