Այսօր` մայիսի 7-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) այսօր վարույթ է հարուցել օղու շուկայում արձանագրված անբարեխիղճ մրցակցության փաստերի առիթով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանից, լրատվամիջոցների հրապարակումների, դիտանցումների արդյունքում պարզվել է, որ «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից արտադրվող և իրացվող մի շարք անվանումներով օղիների ապրանքային նշաններ, հնարավոր է` անբարեխիղճ մրցակցության դրսևորում են:
Հանձնաժողովի մասնագետների նախնական գնահատմամբ, «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող «Զելյոնայա Մետկա», «Ռուդնիկ», «Ուկրաինա», «Խլոպցի», «Մեդոֆե», «Պրեմիում», «Խլեբնիյ Դար» անվանումներով օղիների պիտակների վրա զետեղված ապրանքային նշանները, հնարավոր է, կարող են շփոթություն առաջացնել այլ տնտեսվարող սուբյեկներին սեփականության իրավունքով պատկանող և նրանց անուններով գրանցված ապրանքային նշանների նկատմամբ:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:
Նշենք, որ «Ալեքս Գրիգ» ընկերության սեփականատարը հայտնի բիզնեսմեն պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, որին պատկանող «Երեւան Սիթի» խանութների ցանցում կարելի է հանդիպել ռուսական կամ ուկրաինական օղիների կրկօրինակների, որոնք մի փոքր ավելի ցածր գնով են վաճառվում:




























