«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում պայքարի նոր ալիք է սկսվել՝ նոր ձեւով ու առանց բովանդակության: Հիմա պայքարում են ոչ միայն անարդարությունների զոհերը, այսինքն՝ հասարակությունը, այլեւ անարդարությունների հեղինակները, այսինքն՝ իշխանությունները:
Պայքարողն ու հայտարարողն էլ ոչ այլ ոք է, քան վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով հայտարարել է՝ ով հուլիսի 1-ին դուրս չեկավ ստվերից, բռնելու ու մտցնելու է ստվեր՝ ճաղավանդակներից ներթափանցող լույսի վանդակավոր շողերով ստվերային տարածք, իմա՝ կիրառելու է օրենքը:
Բայց պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ կլինի, եթե մինչեւ հուլիսի 1-ը բոլորը դուրս չգան ստվերից, եւ Աբրահամյանն ի կատար ածի իր խոստումը: Հայաստանը կկազմաքանդվի՝ մնալով առանց բարձրագույն ղեկավարության, ինչպես նաեւ՝ որեւէ բան ներմուծող կամ արտադրող ընկերությունների սեփականատերերի: Ու քանի որ անհնար է, որ բոլորը դուրս գան ստվերից, պետք է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանը կդրժի խոստումը: Ոչ թե այն պատճառով, որ պատվախնդիր չէ, այլ հանուն Հայաստանի, երկիրն առանց քաղաքական ու տնտեսական էլիտայի չթողնելու հայրենանվեր մղումով:
Բացի այդ, քրեակատարողական հիմնարկներն առանց այն էլ ծանրաբեռնված են: Իսկ եթե ավելի լուրջ, ապա, եթե անգամ Հովիկ Աբրահամյանը խոսքի տերը լինի այն աստիճան, որ նույնիսկ անձամբ դուրս գա ստվերից, դուրս չգալու դեպքում էլ ինքզինքն ազատազրկի, միեւնույն է, դա Հայաստանի ներկայիս վիճակի վրա գրեթե ազդեցություն չի ունենա: Ազդեցություն գուցե կլինի՝ բյուջեի եկամուտների ավելացման, նոր աշխատատեղերի բացման, նույնիսկ կյանքի որակի բարձրացման եւ այլ նյութական արդյունքների տեսքով: Բայց դա՝ միայն նյութական հարթությունում: Իսկ քաղաքական ու քաղաքակրթական առումով Հայաստանն այնպիսի ստվերում է, որ դրանից դուրս գալու համար ոչ միայն Հովիկ Աբրահամյանի, այլ անգամ Գալուստ Սահակյանի սպառնալիքները չեն օգնի:
Խոսքը մտածողության, արժեհամակարգի, գաղափարախոսական ստվերի մասին է, որի մեջ ինքնամոռաց կերպով գլորվում է Հայաստանը: Ստվերն ընդհանրապես խավարն է, լույսի բացակայությունը: Իսկ դրա ամենավտանգավոր դրսեւորումը մտքի, մտածողության, բարոյականության խավարն է, որում Հայաստանը կար առանց այդ էլ, սակայն ավելի է խորասուզվում՝ ի պետս Մաքսային միությանն անդամակցության ու խորհրդառուսական կայսրության վերականգնման: Միկոյանի արձանի տեղադրում, պայքար «դավադիր» հասարակական կազմակերպությունների դեմ, «վաստակավոր» եւ այլ կոչումների վերականգնում, հանրային ատելության ու հիստերիայի ծավալում ցանկացած օտար ու ինքնությանը «ոչ հարիր» երեւույթի դեմ»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























