ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ իմ ելույթում վեց կետ եմ հնչեցրել որպես ամբողջականություն, դա ներառում է եւ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը, եւ ժողովրդի կամարտահայտությունը եւ այս վեց կետերը պետք է որպես ամբողջականություն ներկայացվեն: Այս մասին «Շանթ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Կետերից մեկը վերաբերում է փախստականների վերադարձի խնդրին. արդյոք Ջեյմս Ուորլիքը ի նկատի է ունեցել նաեւ Բաքվի, Կիրովաբադի, Գետաշենի, Շահումյանի փաստականներին հարցին, ամերիկացի համանախագահը նկատել է, որ խոսքը պետք է լինի բոլոր տեղահանվածների վերաբերյալ, որովհետեւ հակամարտության հետեւանքով շատերն են դրա ազդեցությունը կրել, եւ այն պետք է լինի ցանկացած լուծման ցանկացած մաս: Բանակցությունների միջոցով, նրա խոսքով, կորոշվի, թե այս առումով ինչ տեղի կունենա, իսկ մինչ այդ, այս կետերը  ուղղակի ընդհանուր ուրվագիծն են ներկայացնում: Բանակցությունները, ըստ նրա, պետք է շարունակվեն, եւ այս կետերից յուրաքանչյուրի վերաբերյալ պետք են մանրամասներ՝ բոլոր կողմերին գոհացնելու համար:

Պատասխանելով հարցին՝ արդյոք այս վեց կետերում, որտեղ Շահումյան շրջանը չի հիշատակվում, մտնում է նաեւ ԼՂ-ի ինքնավար մարզի կազմի մեջ մտնող եւ Ադրբեջանի կողմից օկուպացված Մարտունի եւ Մարտակերտի շրջանի հայկական գյուղերի  ճակատագիրը, Ջեյմս Ուորլիքը ասել է. «Հստակ է, որ Հայաստանը ցանկանում է, որ այս քննարկումը տեղի ունենա եւ լուծման շրջանակում դիտարկվի: Սա պետք է լինի քննարկումների տարրերից մեկը: Ես չեմ կարող կանխատեսել, թե արդյունքը ինչ կլինի, բայց ակնհայտորեն սա քննարկումների կողմերից մեկը պետք է լինի: Իմ ելույթի հետ կապված հարցեր շատ կան, որոնց մասին մենք պետք է խոսենք ընդհանուր լուծման համատեքստում, բայց դրանք իմ ելույթում հիշատակված չեն, տարածքները ընդամենը դրանցից մեկն է, մշտական կարգավիճակը մեկ այլ տարրը, բայց կան ավելի շատ տարրեր, մարդիկ ուղղակի պետք է գիտակցեն այն օգուտները, որ կբերի խաղաղությունը, որ կձեւավորվի առեւտուր, հեռահաղորդակցում, կզարգանան ենթակառուցվածքները, կլինեն բաց սահմաններ: Սրանք բոլոր այն տարրերն են, որոնք կձավորվեն, եթե մենք կարողանանք խաղաղ լուծում գտնել: Դրա համար մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»:

Հայաստանում եւ Ադրբեջանում, ըստ նրա,  այնքան ռեսուրսներ են օգնում հակամարտությանը, մինչդեռ այս ռեսուրսները կարող են ավելի լավ օգտագործվել՝ ի շահ այս երկրների ժողովուրդների եւ ի վերջո մենք կտեսնենք  բարգավաճման եւ բարեկեցության եւ բարգավաճման մի ողջ  դարաշրջան:

«Երբեմն ես մտածում եմ՝ արդյոք մարդիկ իսկապես հասկանո՞ւմ են, թե ինչ իրական օգուտներ կբերի խաղաղությունը, արդյոք պատկերացնո՞ւմ են այն վտանգավոր իրավիճակը, որ կա այս շփման  երկայնքով: Մենք ուզում ենք, որ դա ավարտվի եւ չենք ուզում, որ մարդկային կյանքեր կորչեն: Կարեւոր է շփման գծի երկայնքով քայլեր ձեւավորվեն, որ լարվածությունը թուլանա: Համանախագահները մշտապես ուշադրության կենտրոնում են սա պահում: Մեզ անհրաժեշտ է իրական գործընթաց, որ կբերի խաղաղություն, եւ պետք է լինեն անվտանգության երաշխիքներ»,-ասել է Ուորլիքը՝ կարեւորելով մարդկանց միջեւ շփումները:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում կա մի սերունդ, որ խորհրդային տարիներին խաղաղ ապրում էին կողք կողքի, իսկ հիմա Հայաստանում, Ադրբեջանում, ԼՂ-ում ապրում է մի սերունդ, որ երբեք չի ունեցել նման փորձառություն: Եվ հարկավոր է կողմերի միջեւ վստահության հիմքեր ձեւավորել: «Մենք՝ որպես համանախագահներ, մտադիր ենք աշխատել նաեւ քաղաքացիական հասարակության հետ»,-ընդգծել է նա: