Շուշիի ազատագրումը Հայոց բանակի կազմավորման առաջին փուլի խոշոր հաղթանակներից էր, որը ոսկե էջերով գրվեց հայ զենքի պատմության մեջ։ Մայիսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։
Ի սկզբանե շնորհավորելով ողջ հայ ժողովրդին եւ իր բոլոր մարտական ընկերներին, նա չմոռացավ նաեւ նրանց, ովքեր այսօր գտնվում են անազատության մեջ. «Ես շնորհարավորում եմ նաեւ այն տղաների հաղթանակը, ովքեր անմահացան՝ մարտում ընկնելով»,- նշեց գեներալ-մայորը՝ հիշելով, որ հաղթանակը հայկական կողմին այնքան էլ հեշտ չտրվեց։ Նրա խոսքով, մինչեւ ատամները զինված թշնամին Շուշին ծրագրել էր վերցնել դեռեւս մայիսի 3-ին. «Թշնամին զինված էր այնքան, որ կարող էր իրեն թույլ տալ ամենասանձարձակ մարտեր, իսկ մենք, որ ավելի քիչ զենք ունեինք, գործողությունները չսկսեցինք այնքան ժամանակ, մինչեւ չստացանք վերջին փամփուշտը։
Հակառակորդը մեծ առավելություն ուներ, բայց մենք կարողացանք հաղթել նրան»,- հպարտությամբ ընդգծեց արցախյան հերոսամարտի մասնակիցը՝ ավելացնելով, որ Շուշին վերցնելու ժամանակ ադրբեջանցիները փախչում էին՝ ով ինչպես կարող էր։ «Խառնաշփոթը նրանց քշեց Լաչին, սակայն ադրբեջանցիները շոււտով հասկացան, որ պետք է թողնեն նաեւ Լաչինը։ Նրանք խնդրում էին թողնենք, որ հեռանան կամ հանձնվեն մեզ»,- վերհիշեց Աստվածատուր Պետրոսյանը։
Անդրադառնալով Շուշիի գործողության ընթացքում երկու կողմերի կրած մարդկային կորուստներին՝ գեներալ-մայորը տեղեկացրեց, որ հայկական կողմից Շուշիի գրավման ընթացքում ընկան 22 քաջեր, այն դեպքում, երբ ադրբեջանցիները կորցրեցին ավելի քան յոթանասուն հոգու. «Այդքանի դիակները մենք տեսանք, բայց հնարավոր է՝ նրանց կողմից ավելի շատ զոհեր եղած լինեն»,- ասաց նա։
Ամփոփելով՝ Աստվածատուր Պետրոսյանը նկատեց, որ Շուշիի ազատագրման ժամանակ իրենք չեն վնասել խաղաղ բնակչությանը, ավելին, մարտական գործողություններից առաջ թողել են, որ հանգիստ հեռանան։




























