1918 թվականին Ղարաբաղում եւ Զանգեզուրում ադրբեջանցիները մեծամասնություն են եղել: Նման բացահայտում է արել Հունաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւը՝ տեղի «Տո Վիմա» (Ալիք) թերթին տված հարցազրույցում, Ադրբեջանի Առաջին հանրապետության օրվա առիթվ (մայիսի 27):
Նա հայտարարել է, որ Ադրբեջանը առաջին ժողովրդավարական պետությունն է դարձել մահմեդական արեւելքում, որն ունեցել է բազմակուսակցական խորհրդարան՝ բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով (ռուսներ, գերմանացիներ, հայեր, լեհեր, հրեաներ եւ վրացիներ):
Նա հայտարարել է, որ Հայաստանի առաջին հանրապետությունը ձեւավորվել է 1918-ին Էրիվանի նահանգի հիման վրա, որտեղ ապրել են 365 հազար ադրբեջանցիներ եւ 667 հազար հայեր:
«Երեւանում եւ նրա շրջակայքում հայերի թիվն ավելի պակաս է եղել, քան ադրբեջանցիներինը (73 հազար ադրբեջանցիներ եւ 69 հազար հայեր): Ուստի Հայաստանի իշխանությունները սկսել են արագ փոխել ժողովրդագրական վիճակը, որպեսզի ստեղծեն էթնիկ «մաքուր» երկիր: Դա տեղի է ունեցել ադրբեջանցիներին ուղղված սպառնալիքներով եւ արտաքսումներով, որոնք շատ շրջաններում մեծամասնություն են կազմել: Ադրբեջանցիների նկատմամբ ագրեսիան ընդունել է անգամ հայ կոմունիստ Անաստաս Միկոյանը, որը հայտարարել է, թե բնակչության 2/5-ը կազմող մահմեդականները ներկայացված չեն կառավարությունում եւ զրկված են եղել իրավունքներից»,-հայտարարել է Մուստաֆաեւը:
Շուշիում եւ Բաքվում կոտորածների մասին դեսպանը ոչինչ չի ասել: Նա չի նշել նաեւ 1921 թվականի Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավարության մասին Կովբյուրոյի որոշման մոտիվները:
«Հայկական քարոզչությունը հաճախ խաղում է նրա վրա, որ 1935 թվականին Ղարաբաղը միացվել է Ադրբեջանին Ստալինի որոշմամ, բայց իրականում Ղարաբաղն արդեն Ադրբեջանի մաս էր»,-հայտարարել է դեսպանը նկատի ունենալով Կովբյուրոյի որոշումը:
«Բայց 1918-20թթ. առաջին հակամարտության հիմնական պատճառը Հայաստանի իշխանությունների` ադրբեջանական տարածքների` գլխավորապես ադրբեջանաբնակ Նախիջեւանի, Զանգեզուրի եւ Ղարաբաղի նկատմամբ հավակնությունները դարձան»: Բնութագրական է, որ այստեղ, ի տարբերության Էրիվանի նահանգի, Մուստաֆաեւը բնակչության վերաբերյալ տվյալներ չի բերում: Սակայն քիչ անց ավելացնում է, որ 1919թ. «Ղարաբաղի հայերը համաձայնեցին ինքնավարություն ունենալ Ադրբեջանի կազմում, ինչը նաեւ խորհրդային տարիներին շարունակվեց»: Հարցին, թե ինչու հայերն ինչ-որ բան որոշեցին, եթե փոքրամասնություն էին կազմում, դիվանագետը չի անդրադառնում:
Այդուհանդերձ, Կովբյուրոյի որոշմամբ ինքնավարության տրամարդրումը եւս, դեսպանի գնահատմամբ, անխոհեմ քայլ էր հանդիսանում: «Ինքնավարությունը նախադրյալներ ստեղծեց հայերի շրջանում անջատողական գաղափարների զարգացման համար, ինչի արդյունքում նրանք, մի փոքր ավելի ուշ, սկսեցին տարածքային հավակնություններ ներկայացնել Ադրբեջանին», - հավելել է նա: Ներկայումս անհանգիստ Հարավային Կովկասում գտնվող Ադրբեջանն ուղղակի պարտավոր է սոցիալական կայունություն, ուժեղ եւ դիվերսիֆիկացված տնտեսություն, ինչպես նաեւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն ապահովել:





























