Հայտնի է, որ երեխաները սիրում են ավազի հետ խաղալ(եթե իհարկե բակում ավազաման կա): Ընդ որում խաղի ընթացքում «գործիք» են ծառայում բահերը: Մեր խանութներում դրանք բավական հաճախ են հանդիպում եւ մատչելի գնով: Սակայն դրանք ներկրում են, այդ թվում նաեւ հարեւան Թուրքիայից: Թեեւ մեզ մոտ պլաստմասե իրերի արտադրություն, ըստ էության, կա:

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում հայրենական արդյունաբերության քիմիական բնագավառի արտադրանքի իրացման ծավալը կազմել է 32 մլրդ դրամ(առանց ԱԱՀ-ի): Ուրախալի է, որ երբեմնի հզոր քիմիական արդյունաբերությունը գործում է: Մյուս կողմից, դոլարի փոխարժեքով, ցուցանիշն այդքան էլ մեծ չէ:

Հաշվի առնենք, որ բնագավառի արտադրանքների շարքում պլաստմասե իրերից բացի կան նաեւ մի շարք ապրանքներ: Պլաստմասե իրերի թողարկման ծավալը կազմել է 3,4 հազար տոննայից էլ քիչ:

Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշել է բնագավառի մասնագետը, մեզ մոտ հիմնականում արտադրում են շինարարական նշանակության պլաստմասե իրեր, ինչպես նաեւ պլիէթիլենային պաստառներ եւ այլն:

Սակայն նշված բահերից չեն արտադրում: Պատճառը պարզ է՝ հանրապետությունում նման արտադրանքների իրացման ծավալը փոքր է, արտադրական ծախսերն ավելի շատ են: Այսպես 9000 հատ բահ արտադրելու համար 6-7 հազար դոլար է պահանջվում:

Մասնագետի կարծիքով՝ թուրքական պալստմասե արտադրանքներն առանձնանում են ոչ վատ որակով, արտաքինից գրավիչ են: Բանն այն է, որ այնտեղ ձեռնարկություններն աշխատում են եվրոպական տեխնոլոգիաներին համաձայն:

Խնդիրն ամենեւին էլ բահերին չի վերաբերում: Խոսքը ներկրմանը փոխարինող բնագավառերի մասին է: Մեր տնտեսական քաղաքականությունը միտված է(խոսքերով) այդ բնագավառների զարգացմանը: Սակայն ինչպիսի՞ն է իրավիճակը: Ձմռանը ներկրվող լոլիկները նույնպես Թուրքիայից են, թեեւ մեզ մոտ երկու հարյուր տնտեսություն է գործում: Պատճառը տեղական արտադրանքի համեմատաբար բարձր ինքնարժեքն է:

Մեր շուկայի սահմանափակ լինելու պայմաններում շատ ապրանքների զանգվածային արտադրությունը հնարավոր է միայ արտահանման ավելացման հաշվին:

Տեսականորեն հնարավոր է բավարարել հանրապետությունում կոշիկի պահանջարկը: Սակայն միայն մեկ տեսակի եւ միայն մեկ համարի արտադրության դեպքում բոլոր սպառողների համար: Լայն տեսականու իրացման համար զանգվածային արտադրություն է հարկավոր՝ ուղղված արտաքին շուկային: Ժամանակին հայրենական թեթեւ արդյունաբերության արտադրանքի 80 տոկոսն արտահանվում էր այն ժամանակվա խորհրդային պետություններ: