Համաշխարհային բանկի Պարտականությունների կատարման գծով խորհրդականի/ Օմբուդսմենի ապարատի (САО) փորձագետներ Սքոթ Տ. Ադամսը եւ Ալյոնա Գորովան Հայաստանում անցկացրեցին փաստերի հետաքննություն՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի ռիսկերի վերաբերյալ բողոքի հիման վրա: Նախագիծը իրականացվում է  «Lydian International»  ընկերության կողմից, հաղորդում է «ԷկոԼուրը»

Բաժնետերերի ցուցակում են զարգացման երկու միջազգային ֆինանսական ինստիտուտներ՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), որը մտնում է Համաշխարհային բանկի խմբի մեջ: Հունիսի 2-ին նրանք հանդիպեցին հասարակայնության ներկայացուցիչների հետ:

Լեւոն Գալստյան՝ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ. «...Նախագիծը վտանգ է ներկայացնում ողջ երկրի համար: Ամուլսարում պատրաստվում են պայթեցնել ապարը: Իսկ կողքով անցնում է Որոտանի թունելը, որի շինարարության վրա ծախսվել են միլիոնավոր դոլլարներ: Ի՞նչ ազդեցություն կունենան պայթեցումները թունելի վրա: Արդյունքները ստացել են մոդելի վրա այնպիսի տարածքում, որի տեկտոնիկ-երկրաբանական կազմը նման չէ Ամուլսարին: Հաշվի չի առնված այն փաստը, որ հանքավայրը գտնվում է բարձ սեյսմիկ գոտում: Այդ ուսումնասիրությունները չեն անցկացվել: Ինչ վերաբերում է հանքային, ստորերկրյա եւ մակերեւութային ջրերերի վրա ազդեցության ուսումնասիրություններին, ապա ռիսկերի գնահատականները վստահություն չեն առաջացնում, քանի որ ուսումնասիրությունները լիարժեք չեն»:

Էլեոնորա Գաբրիելյան՝ Հայկական բուսաբանական ընկերության նախագահ, պրոֆեսսոր. «Ես հանքավայրի տարածքում հայտնաբերել եմ Կարմիր գրքում գրանցված  Potentilla   porphyrantha բուսատեսակը: Ամբողջ աշխարհում այդ ծաղիկն աճում է միայն երեք վայրում...Եվ նրանք (ընկերությունը) ինձ ասում են, որ կտեղափոխեն այդ տարածքում գտնվող բույսը: Ես տեսա, որ  նրանք տեղափոխել են այն բույսը, որը աճում է ամենուր: Ասում եմ իրենց՝ լսե՛ք, դա ժայռային ծաղիկ է: Նրանք պատասխանում են, որ ունեն շատ փող, պետք լինի, ժայռն էլ կտեղափոխեն...Պարզապես հանցագործություն է վերացնել այդ ամենը...»:

Աննա Շահնազարյան՝ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ. «Համաշխարհային բանկը ֆինանսավորում է վարկային ծրագիր, որը ներառում է Գորայք համայնքի արոտավայրերի վերականգնումը...Բայց արոտավայրերը կոչնչանան Ամուլսարի հանքավայրի բաց շահագործման նախագծի հետեւանքով...Ստացվում է՝ մի կողմից բանկը շահույթ է ստանալու վարկի տոկոսներից, մյուս կողմից Ամուլսարի ոսկուց...Իսկ մենք կկրենք ռիսկերը՝ մի կողմից մարելով վարկը, մյուս կողմից բերքատու հողերի ոչնչացումից...Բացի դրանից, ես Սեւան քաղաքի բնակիչ եմ, որը գտնվում է Սեւանա լճի ափին, եւ կարծում եմ, որ իմ իրավունքները ոտնահարված են, քանի որ նախագծի ազդեցությանն է ենթարկվում Սեւանա լիճը...Սեւանի ափամերձ համայնքների բնակիչները՝ 41 համայնք, տեղյակ չեն նախագծից, բայց նրանք նախագծի ուղիղ ազդեցության տակ են գտնվում...»:

Արթուր Գրիգորյան՝ իրավաբան, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն. «Ամուլսարի նախագիծը հակասում է մի քանի ՀՀ օրենքների՝  «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին, «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածին, «Հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքին: Նախագիծն ուղղակիորեն խախտում է այդ օրենքները: Ինչ վերաբերում է Որոտան-Արփա թունելին, կառավարութունը որոշել է թունելի հստակ սահմանները, եւ այդ սահմանները՝ թունելի երկու կողմերով 3 կմ անձեռնմխելի գոտիով ամիջականորեն անցնում են նախագծի տարածքով...»:

Թեհմինե Ենոքյան՝ լրագրող, Գնդեվազ գյուղի բնակիչ. «Ես բախվում եմ այդ խնդրի հետ արդեն մի քանի տարի: Սկսեմ նրանից, որ 2011թ-ի նոյեմբերի 28-ին Ջերմուկ քաղաքում իբր անցկացվեց հասարակական քննարկում Ամուլսարի նախագծի վերաբերյալ, բայց լսումների արձանագրությունն այդպես էլ չկազմվեց: Այդ լսման մասին կա միայն մեկ տեսանյութ, որը ես եմ նկարել: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են բախվում լսումների ընթացքում, ինչպես են ընկերության աշխատողներին տրամադրում մարդկանց դեմ: Ինձ վրա սկսվեց ճնշում: Մարդկանց տրամադրում էին իմ դեմ, ասում էին, որ ես ուզում եմ խլել մարդկանցից իրենց աշխատանքը: Ես մի ամբողջ տարի չէի կարողանում մտնել հարազատ գյուղ: Հիմա իրավիճակը այդքան սուր չէ, քանի որ մարդիկ հասկացել են, որ ընկերությունը չի կարող մշտապես ապահովել իրենց աշխատանքով, եւ շատերը հեռացել են գյուղից...»:

Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ. «...Որքան էլ ընկերությունը ցանկանա խուսափել Ջերմուկ առողջարանի՝ Ամուլսարի նախագծի ազդեցության գոտում գտնվելուց, միեւնույն է, ստիպված է լինելու բախվել այդ խնդրի հետ, քանի որ համայնքների խոշորացման կառավարության ծրագիրը ուղղակիորեն վերաբերում է Ամուլսարի նախագծին: Ե՛վ Գնդեվազը, եւ՛ Սարավանը միավորվելու են, որի կենտրոնը դառնալու է Ջերուկը: Ստացվում է, որ համայքները հույս ունեին իրենց բյուջեները համալրել ընկերության մգումարներով, բայց խոշորացման ծրագրից հետո դա էլ չի լինի: Ընկերությունը կարող է խոստանալ համայքնին փոխհատուցում: Բայց ավագանիների կազմում կլինի միայն համայնքնից մեկ ներկայացուցիչ, որը չի կարողանա ազդեցություն ունենալ բյուջեի բաշխման արդյունքների վրա: Եվ արդեն այսօր մարդիկ ասում են՝ ռիսկերը մեզ, փողերը ուրիշներին...Արհամարված է Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի կարծիքը, որը տվել է բացասական եզրակացություն Ամուլսարի նախագծին, ընդ որում ոչ թե ցիանային ֆաբրիկայի մասով, որի նախագիծը 2012 թ-ին պատրաստ չէր, այլ Սեւանի ավազանում բաց հանքի մասով...Կան ռիսկեր ՝ կապված Ամուլսարի ուրանի հանքավայրից ռադիացիոն թունավորման հետ: Խնդիրը նրանում է, որ ուրանը համարվում է ռազմավարական հումք,  եւ այդ ռադիոակտիվ հումքի երկրաբանական  հետախուզման մենաշնորհային իրավունք, 06.03.2008թ կառավարության    634 N որոշմամբ ունի «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը» ՓԲԸ-ն: Այդ պատճառով «Գեոթիմ» ընկերության բոլոր հայտարարությունները ուրանի վերաբերյալ չեն կարող համարվել հավաստի, քանի որ ընկերությունը իրավունք չունի միաժամանակ իրականացնել ուրանի հանքաքարի հետախուզում...»:

Սիլվա Ադամյան՝ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ. «Նախագծի տարածքը կարեւորագույն թռչնաբանական տարածք է եւ այդ տարածքում բնակվում են Կարմիր գրքում գրանցված թռչուններ: Դա նորություն չէ: Եվ այն, որ Ամերիկյան համալսարանի փորձագետները ասում են, որ այնտեղ չկան Կարմիր գրքում գրանցված տեսակներ, չի համապատասխանում իրականությանը...Ամուլսարի նման նախագծերը երկրներում առաջացնում են էկո-արտագաղթ, երբ մարդկանցից խլում են իրենց հողերը, եւ մարդիկ ստիպված հեռանում են...ընդմիշտ...»:

Վազգեն Գալստյան՝ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահ. «Ամուլսարի հանքավայրի շահագործումը կոչնչացնի Ջերմուկը որպես առողջարանային գոտի, եւ Ջերմուկի ողջ բնակչությունը կմնա ձեռնունայն»: