NEWS.am-ը հատվածներ է բերում «The Interpreter» պարբերականի գլխավոր խմբագիր Մայքլ Վայսի` ամերիկյան «Foreign Policy» ամսագրում հրապարակված հոդվածից:
Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության դուստր-կազմակերպություններից մեկը 2012թ. հոկտեմբերի 9-ին Վաշինգտոնի կենտրոնում 2158 ք.մ. մակերեսով հինգհարկանի առանձնատուն է ձեռք բերել, ինչպես տեղական «Business Journal» պարբերականն էր նշում` «Միացյալ Նահանգներում գործունեության ընդլայնման նպատակով»: Ադրբեջանը հարուստ է նավթով, իսկ դա միակ բանն է, որով կարելի է Միացյալ Նահանգների «սիրտը շահել», այնպես որ պետական նավթային ընկերության «օպերացիաներն» այստեղ ընդլայնման կարիք ունեին:
Բարաք Օբամայի վարչակազմը ժողովրդավարության առաջընթացին ուղղված միջոցների բյուջետային կրճատումներ է նախաձեռնել եւ բոլոր հնարավոր ու անհնարին թվացող ցինիկ գործարքները կնքել ավազակապետական ու ավտորիտար ռեժիմների հետ: Ռեալպոլիտիկը եւ իզոլյացիոնիզմը կրկին առաջնային հանգրվաններում են հայտնվել, մինչ Կոնգրեսի` ազատական եւ Թեյախմության շարժման գաղափարախոսությանը պարտական մի շարք անդամներ մարդու իրավունքներին այլեւս լավագուն դեպքում երկրորդական նշանակություն են տալիս` ազգային շահերի համեմատությամբ: Իսկ երբեմն էլ դրանք պարզապես 21-րդ դարի Միացյալ Նահանգների «անհարմարությունների» շարքին են դասվում:
Ադրբեջանի պետական նավթային ընկերության նոր` չափազանց հարմարավետ գրասենյակը ամենաաշխույժ եւ ծախսառատ օտարերկրյա լոբբինգի` ամերիկյան եւ եվրոպական քաղաքականության մեջ ձեռք բերած հաջողությունն է ընդգծում: Լոբբինգ` հօգուտ մի ռեժիմի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է գլխավորում: Վերջին տասը տարիներին Իռլանդիայի չափերն ունեցող, բայց Տեխասից երկու անգամ շատ նավթի պաշարներով հարուստ այս հարավկովկասյան երկիրը կարողացել է մեծ թվով ընկերներ եւ ազդեցության ենթակա քաղաքական գործիչներ «ձեռք գցել», որոնց թվում ԱՄՆ Կոնգրեսի, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի բազմաթիվ ներկայիս եւ նախկին անդամներ կան: Կառույցներ, որոնք նախկինում դիկտատուրայի ցանկացած փորձ դատապարտելու եւ ճնշելու հեղինակությամբ էին հայտնի: Այնտեղ, որտեղ չի հաջողվում Բաքվի ուղղությամբ անվճար արձակուրդայինի ձեւակերպմամբ հարց լուծել, ինչը եվրոպական հետազոտական կենտրոններից մեկի սուր գնահատմամբ «խավիարային դիվանագիտություն» անունն է ստացել, հեղինակությունը «մաքրելու» նպատակով միլիոնավոր դոլարների ներդրումներ են նախաձեռնվում լոբբինգով, խորհրդատվությամբ եւ PR-ով զբաղվող առաջնարկարգ ընկերություններում:
Սակայն այս ամենը մի փոքր խորամանկ է. Ալիեւի ռեժիմը սահուն կերպով թափանցում է տրանսատլանտյան դաշինք երեք համոզիչ փաստարկների օգնությամբ: Առաջինը, Ադրբեջանը մուսուլմանական մեծամասնությամբ միակ աշխարհիկ պետությունն է, որը դաշնակցում է Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի հետ ահաբեկչության դեմ պատերազմում, ինչպես նաեւ Իսրաելի երջանիկ առեւտրային եւ դիվանագիտական դաշնակիցն է, որը կովկասյան ներմուծում է պետությունից էներգառեսուրսների գրեթե մեկ երրորդը: Ադրբեջանական ենթակառուցվածքը կարող է օգնել թեթեւացնել այս տարի ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումը Աֆղանստանից:
Երկրորդ փաստարկն հետեւյալն է. 2001-2011թթ Ադրբեջանի ՀՆԱ-ն 10 անգամ ավելացրած նավթային բումը Եվրոպայի էներգասպառման բազմազանեցման եւ Ռուսաստանի մենաշնորհային մարտավարության դադարեցման անհրաժեշտ հակակշիռ է, ինչի ցածրագույն կետերը դարձան Ուկրաինայի եւ Բելառուսի դեմ «գազային պատերազմները»: Ադրբեջանի գրեթե ողջ արտահանումը 2011թ. կազմել են նավթն ու նավթամթերքը:
Վերջապես, գտնվելով Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկում՝ Ադրբեջանը Արեւմուտքի համար ռազմավարական գործընկեր է իրանական ատոմային սպառնալիքի պայքարում, ինչպես նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «տարածաշրջանը կրկին խորհրդայնանցելու» փորձերին, ինչպես ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հիանալի կերպով բնութագրել է Ռուսաստանի կողմից մտածված մաքսային միությունը, ինչը Ուկրաինայում հանգեցրեց քաղաքական ճգնաժամի: Այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները որքան հնարավոր է շատ ընկերներ են որոնում հետխորհրդային աշխարհում՝ հատկապես հարուստ էներգետիկ ռեսուրսներով, Բաքվի ազդեցությունը Վաշինգտոնում կայուն կերպով կաճի:
Համակցվող ամերիկայի արտաքին քաղաքականությունում միակ հարցը կարծես կայանում է նրանում, թե ինչպես ազատությունների քայքայումը կամ ազատության զրկումը եւ լրագրողների ու այլախոհների նկատմամաբ հալածանքները արտասահմանում ազդում են իր «ազգային շահերի վրա», իսկ ավելի ճիշտ՝ ինչպես չեն ազդում: Օբամայի վարչակազմին պարզապես չի հուզում այդ հարցերը գերակա դարձնելու մտահոգությունը: Միեւնույն ժամանակ, Կ. Փողոցը գոյություն է ունեցել, որպեսզի ժպտացող հետսովետական հարստությունները կարողանան ընկերներ գնել Միացյալ Նահանգների իշխանությունների վերնախավում, որպեսզի մեր ազգային շահերը լավագույնս բավարարվեն ածխաջրածին ապահովող իշխանագողերի սպասարկման ճանապարհով: «Կորլեոնե ընտանիքը 5 տարվա ընթացքում լիովին օրինական կլինի», - ասում է Մայքլը Քեյին «Կնքահոր» մեջ: Մեծ փողերով եւ խորամանկ քարոզչության շնորհիվ Կասպյան Կորլեոնեն համոզել է Արեւմուտքին, որ դրան կհասնի ավելի կարճ ժամկետներում: Դժբախությունն այն է, որ այդ ամենը ոչ ոքի չի հուզում:





























