Պուշկինի փողոցի վրա գտնվող Աֆրիկյանների տան տեղափոխումը, օրինակ, Ամիրյան փողոց, Երեւանի պատմության աղճատմանը կբերի: Տեսակետը հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսին «Փարիզ-Էսթ» համալսարանի դոկտոր, ճարտարապետ Մարիամ Խաչատրյանն է հայտնել:
Նրա համոզմամբ, Աֆրիկյանների տունը մայրաքաղաքի ճարտարապետական մոդեռնիզմի եզակի օրինակն է: «Հայաստանի ճարտարապետական համալսարաններում դասավանդող եւ առաջնակարգ պաշտոններ զբաղեցնող մասնագետները ճարտարապետական շինությունների արժեքը չեն կարեւորում: Պետությունը չի կարեւորում Աֆրիկյանների տան սոցիալական արժեքը, օլիգարխը չի հասկանում, որ, պահպանելով շենքը, կարող է ավելի մեծ գումարներ աշխատել` ինչ-որ հյունարոց կառուցելու փոխարեն», - իր հիասթափությունն է հայտնել Մարիամ Խաչատրյանը` ընդգծելով, որ պետությունը պետք է դրամական միջոցներ հատկացնի` Աֆրիկանների տան պահպանությունն ապահովելու նպատակով: «Չեմ կարծում, թե Հայաստանի ճարտարապետներն անուժ են, պարզապես նրանք էլ իրենց շահերն ունեն: Աֆրիկյանների տունը պահպանելու նպատակով ոչ մի կոնկրետ քայլ չի ձեռնարկվում, խնդրի օպտիմալ լուծմանն ուղղված տարբերակներ չեն առաջարկվում», - նկատել է մասնագետը` տխրությամբ հավելելով, որ ժամանակին հարկավոր էր նաեւ Փակ շուկան, «Սեւան» հյուրանոցը եւ Երիտասարդական պալատը փրկել:
Նշենք, որ «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները հունիսի 13-ին շինության ապամոնտաժումը թույլ չտալու պահանջով նամակ են հղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Լրատվամիջոցներով լուրեր են շրջանառվում առ այն, որ ապամոնտաժման իրական պատճառները կարող են գործարար շահերի հետ կապված լինել:
20-րդ դարի մեկնարկին Աֆրիկյանների տունը ակումբ է եղել, որի այցելուները ժամանակի հայտնի գործիչներն էին` քաղաքականությամբ զբաղվող անձնինք, ձեռնարկատերեր, մշակույթի գործիչներ եւ արտասահմանյան հյուրեր: Առաքել եւ Տիգրան Աֆրիկյանները մեծ գումարներ են հատկացրել` դպրոցների եւ ճանապարհաշինության կարիքները հոգալու համար: Նրանց ֆինանսավորմամբ Երեւանում խմելու ջրի խողովակաշար է կառուցվել: Բացի այդ, ժամանակին Երեւանում աֆրիկյան եղբայրների բամբակի եւ կոնյակի գործարաններն էին գործում:





























