Գողականները եւ օրենքով գողերը տարբեր մարդիկ են, իսկական գողերը չեն սիրում, երբ իրենց գող են անվանում, նրանց պետք է տարբերակել: Այս մասին այսօր՝հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց լրագրող Թերեզա Ասատրյանը, որը 1985-ից այցելել է կալանավայրեր եւ շփվել կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ:
«Նրանք չեն սիրում, որ իրենց գող են անվանում, սիրում են, որ իրենց մարդ կոչեն: Ես 1985-ից ԽՍՀՄ ժամանակաշրջանում այցելել եմ Նովոսիբիրսկի Տաբուլգայի բոլորը կալանավայրերը, հետո Հայաստանի : Ու այնտեղ գնում էի շատ երկար շրջազգեստ հագած, այնպես որ անգամ կոշիկներս չէին երեւում. գողերը երբեք թույլ չէին տա իրենց այլ կերպ նայել քեզ, նրանք շատ խելացի են, շատ լեզուներ գիտեն եւ զուսպ են: Օրենքով գողի կոչումին արժանանալու համար պետք է մեծ ակադեմիա անցնեն, դրանից հետո հեղինակություն վայելող մի քանի գողեր նոր քեզ կկնքեն որպես գող, իսկ գողականները բեսպրեդել են: Գողի ձայնը բարձր չես լսի երբեք, իսկ գողականը թալանում, իրեն ամեն ինչ թույլ է տալիս»,- պատմեց Թերեզա Ասատրյանը:
Լրագրողի կարծիքով՝ կրիմինալ աշխարհի հանդեպ հետաքրքրությունը, գողականների թվի ավելացումը Հայաստանում երեխաներին սխալ կրթելու հետեւանք է:
«Գողությունը սոցիալական արմատ ունի: Այսօր Հայաստանում հոգեբաններն օգտվում են ռուսական գրականությունից, բայց չէ՞ որ փոխվում են մարդկային մոտեցումները, նոր զարգացումներ են լինում, իսկ նրանք քարացած մոտեցումներ ունեն: Ո՞ւր են մեզ մոտ հոգեբանները, սոցիոլոգները»:
Տիկին Ասատրյանի խոսքով՝ երեխաները փոքրուց սկսում են մարդու իդեալ համարել գողականի կերպարը, քանի որ նրանց հոգեբանության վրա ազդում են ֆիլմերը, մուլտֆիլմերը.
«Նրանք զբաղմուք չունեն, գումար չունեն մարզահամալիրներ եւ կրթադաստիարակչական հաստատություններ այցելելու: Այդ բացը լրացնում են ֆիլմերն ու հեռուստասերիալները, անգամ մուլտֆիլմերը ժարգոնով են: Հեռուստասերիալների հերոսները այսօր վատ օրինակ են դառնում. դպրոցում իրար ասում են՝ «Բալայան դեբիլ» (Բալայանը հերոս է «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից), սրանք ֆիլմերից սովորած բառեր են: Անչափահասը բաց գրատախտակ է, ինչ տալիս ես, այն էլ վերցնում են իրենք»:
Լրագրող Թերեզա Ասատրյանն անդրադարձավ նաեւ քրեագետ Սերգեյ Գալոյանին եւ նրան մեղադրեց ոչ ճիշտ տեղեկություններ տարածելու մեջ. «Նա ոչ մի կալանավայր երբեւէ չի այցելել, նա մի խնդիր ունի. իր բոլոր գրածները խնչած թաշկինակի նշանակություն ունեն»:





























