Երեւանն էկոլոգիական աղետի ճանապարհին է, որովհետեւ ագահությունը խժռել է մայրաքաղաքի կենտրոնը։ Հունիսի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը՝ խոսելով կանաչ գոտիների վերացման հաշվին Երեւանում օրեցօր ավելացող «էլիտար» շենքերի թեմայի շուրջ։

Նրա խոսքով, էկոլոգիական ճգնաժամը մոլորակի վրա գնալով խորանում է. «Այս մասին են վկայում ՄԱԿ-ի կողմից տասը տարին մեկ Երկրագնդի բնապահպանական վիճակի մասին ամփոփիչ զեկույցները»,- նշեց Կարինե Դանիելյանը՝ նկատելով, որ թեպետ աշխարհի բոլոր երկրներում, ներառյալ նաեւ Հայստանում, կան էկոլոգիական խնդիրները կանխելուն միտված ենթաօրենսդրական ակտեր եւ հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովներ, սակայն, միեւնույնն է, դրանք պատշաճ կերպով չեն ծառայում իրենց նպատակին։

«Ինչ վերաբերում է Հայաստանին եւ մասնավորապես՝ Երեւանին, ապա վերջին 10-12 տարիներին մայրաքաղաքում իրականացվող քաղաքաշինությունը ցույց է տալիս, թե ինչպես չի կարելի եւ չպետք է 21-րդ դարի քաղաք կառուցել։ Երեւանի քաղաքաշինությունում ոչ մի օրինաչափություն չի պահպանվել»,- ընդգծեց Դանիելյանը՝ հավելելով, որ քաղաքաշինությունը, մանավանդ մայրաքաղաքի կենտրոնում, իրականացվել է կանաչ տարածությունների եւ գազոնների ոչնչացման հաշվին։ «Սակայն դեռ ուշ չէ, եւ ես հուսով եմ, որ Երեւանը վերականգնվելու ժամանակ ունի»,- ամփոփեց Դանիելյանը։