Մեծ Բրիտանայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանին ետ կանչելու պատճառը Եվրոպական խորհրդարանի ընդունած թիվ 2216 բանաձեւը չէ։ Այս մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարսգյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը՝ պատասխանելով հարցին՝ ո՞րն է եղել Վահե Գաբրիելյանի ետ կանչելու պատճառը։ «Դեսպաններին նշանակելու եւ ետ կանչելու հարցը հանրապետության նախագահն է որոշում՝ ելնելով նպատակահարմարությունից  եւ երկրորդը՝ ժամկետներից»,-ասաց Արզումանյանը՝ հավելելով, թե իրականությանը չեն համապատասխանում մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց՝ Գաբրիելյանի ետկանչի պատճառը եղել է այն, որ նա չի կարողացել կանխել Եվրախորհրդարանում 2216 բանաձեւի ընդունումը։

Նշենք, որ համապատասխան օրենքը դեսպանների պաշտոնավարման հստակ ժամկետներ չի սահմանում, եւ նախագահն ազատ կարող է ցանկացած պահի ետ կանչել այս կամ այն դեսպանին։ Կոնկրետ Վահե Գագրիելյանը շուրջ յոթ տարի է՝ ինչ դեսպան է։  

Թե ով է փոխարինելու նրան Մեծ Բրիտանայում Հայաստանի դեսպանի պաշտոնում՝ Սերժ Սարգսյանի մամո խոսնակը դժվարացավ ասել՝ նկատելով, թե այդ մասին որոշում կայացնելուց հետո համապատասխան հաղորդագրություն կտարածվի։

Իսկ թե՞ ովքեր են դեսպանի հավակնորդ թեկնածուները՝ Արզումանյանը չնշեց։

Հիշեցնենք, որ 2216 բանաձեւում մի շարք ոչ հայանպաստ ձեւակերպումներ կան, մասնավորապես՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»  հայկական զորքերի դուրսբերման մասին։