Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները որոշել են այսուհետ հաճախակի պիկետներ ու բողոքի այլ ակցիաներ կազմակերպել՝ օգտագործելով շաբաթվա բոլոր օրերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց  ՀԱԿ ակտիվիստներից մեկը՝ Տիգրան Առաքելյանը՝ նշելով, որ այժմ քննարկում են այդ ակցիաների անցկացման հետ կապված խնդիրները։

Հարցին՝ որտե՞ղ են նախատեսել անցկացնել ակցիաները, Առաքելյանը պատասխանեց. «Ուզում ենք, որ ամեն ինչ կապված լինի Ազատության հրապարակի հետ»: Նա նաեւ նշեց, որ քննարկում են նաեւ նախագահականի եւ կառավարության շենքի առաջ պիկետներ կազմակերպելու հարցը, իսկ ուրբաթ օրերին մտադիր են երթեր անցկացնել։ ՀԱԿ ակտիվիստների պահանջը քաղբանտարկյալների, այդ թվում օրերս կալանավորված ՀԱԿ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի ազատ արձակումն է։ Տ. Առաքելյանն ասաց, որ իրենց չի կաշկանդում ոչ մի բան, անգամ եթե ոստիկանությունը որոշի թույլ չտալ ակցիաների անցկացումը եւ անցած մի քանի օրերի նման բերման ենթարկի ոստիկանություն։  «Մենք միեւնույնն է գնալու ենք մինչեւ վերջ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին ՀԱԿ ակտիվիստներին հաջողվել է նստացույց եւ բողոքի ակցիա անցկացնել Ազատության հրապարակում, քանի որ ոստիկանները նրանց թույլ են տվել մտնել հրապարակ։ Այսօր եւս ժամը 18-ին նստացույց է նախատեսված Ազատության հրապարակում։