Ռուսաստանի տարածքում ապակայունացման օջախները կարող են առաջանալ անգամ Մոսկվայի մատույցներում: Այս մասին նշել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ Facebook-ի իր գրառման մեջ:
Նա, մասնավորապես, գրել է.
«Ռուսաստանը շտապում է ապահովագրել իր դիրքերը Հարավային Կովկասում: Վեց տարի առաջ նա կորցրեց Վրաստանը, իսկ բոլորովին վերջերս էլ պայթեց ուկրաինական ճգնաժամը, եւ այս նոր պայմաններում բազմապատկվեց Ռուսաստանում անջատողական տարաբնույթ շարժումների ակտիվացման անմիջական վտանգը: Այժմ Ռուսաստանի տարածքում ապակայունացման օջախները կարող են առաջանալ անգամ Մոսկվայի մատույցներում` Կազանում կամ Ուֆայում: Հյուսիսային Կովկասը եւս վառոդի տակառ է հիշեցնում:
Ըստ էության, մի իրավիճակ է ձեւավորվում, երբ Մոսկվայի մատույցներից մինչեւ Հարավային Կովկասում ՌԴ պետական սահմանն ընկած պատկառելի սեպաձեւ տարածքում թյուրքական անջատողականության եւ տարաբնույթ կրոնական ծայրահեղական շարժումների գործունեության գոտու կտրուկ ակտիվացումն այլեւս օրինաչափ կլինի:
Կարծում եմ, որ Լավրովի այցը Բաքու եւ Երեւան ու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ու Ադրբեջանի անդամակցությանը վերաբերող զարգացումները հենց այս համատեքստում է պետք դիտարկել: Քաղաքական իմաստով ես այդ վտանգն այս պահին չեմ տեսնում: Սա չի նշանակում, որ Ադրբեջանը չի փորձի ԵՏՄ-ի ձեւավորման հետ կապված գործընթացներն օգտագործել Արցախի հարցում ինչ-որ առավելությունների հասնելու համար, սակայն, գոնե այս պահի դրությամբ, չի երեւում Ադրբեջանի կողմից նախաձեռնելիք մի այնպիսի քայլ, որին Հայաստանը չկարողանա հակադարձել քաղաքական, դիվանագիտական կամ ռազմական միջոցներով:
Մեր մտահոգությունը պետք է կապված լինի մեր իսկ դաշնակիցների պահվածքի հետ` ծանր իրավիճակում նրանք կարող են փորձել իրենց տեսանկյունից հեշտ լուծումների միջոցով ժամանակավորապես մեղմել մեր տարածաշրջանում ունեցած սեփական ահռելի խնդիրները:
Հայաստանի հետ կապված խնդիրները Նազարբաեւի չարամտությանը վերագրելը մանկամտություն է: Հարկավոր է հստակ գիտակցել, որ Նազարբաեւն անձնապես Ռուսաստանի վստահելի ու կայուն գործընկերն է, եւ դրա համար նա ունի նաեւ լրջագույն անձնական պատճառներ: Առաջիկայում ԵՏՄ մեր բարեկամ հիմնադիր-պետությունները շատ ջանքեր են գործադրելու Ադրբեջանին սիրաշահելու եւ իրենց կողմը քաշելու նպատակով: Սա կենսական կարեւորություն ունի ինչպես` Ռուսաստանի, այնպես էլ` նախագահ Նազարբաեւի համար: Այդքանով հանդերձ, կարիք չկա այդ ջանքերը որպես ընդգծված հակահայկական պահվածք ընկալել: Հայկական կողմը պարզապես պետք է սկսի աշխատել ու կանխել իրադարձությունների բացասական զարգացումը, այլ ոչ թե քարշ գա դրանց ետեւից ու գործ ունենա արդեն իսկ կատարված ու անշրջելի իրողությունների հետ: Երկար տարիների ընթացքում արցախյան հակամարտությունը հնարավորություն էր տալիս Ռուսաստանին պահպանելու սեփական դիրքերը Հարավային Կովկասի գոնե մի մասում եւ այստեղ ռազմակայան ունենալ: Այժմ մերձկրեմլյան իմաստուններից ոմանք, երեւի թե, սկսել են մտածել, որ այդ հակամարտությունը վերածվել է ռուսական ներկայությունն ընդլայնելուն խոչընդոտող գործոնի: Նրանք սխալվում են. հենց պարզունակ քաղաքական մոտեցումները պատճառ դարձան, որ Ռուսաստանի հարաբերությունները Վրաստանի հետ պատերազմի հասցվեցին:





























