Ծարահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել արևելագերմանական Սաքսոնիա-Անհալտ երկրամասի խորհրդարանի ընտրություններում՝ նախնական կանխատեսմամբ ստանալով ձայների 44,5%-ը, հայտնում է BBC News-ը։

Պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (CDU), որը տարածաշրջանում իշխում էր 2002 թվականից, հավաքում է ընդամենը 18,5%։

AfD-ի համար սա կուսակցության պատմության մեջ երկրամասային ընտրություններում գրանցված լավագույն արդյունքն է։ Սակայն առայժմ պարզ չէ՝ կկարողանա՞ արդյոք այն ինքնուրույն ձևավորել կառավարություն. դրա համար անհրաժեշտ է ստանալ երկրամասային խորհրդարանում տեղերի մեծամասնությունը, իսկ մանդատների վերջնական բաշխումը կախված է փոքր կուսակցությունների արդյունքներից։

Սաքսոնիա-Անհալտում AfD-ի առաջնորդ Ուլրիխ Զիգմունդը արդյունքն անվանել է «պատմական» և հայտարարել, որ կուսակցությունը մանդատ է ստացել երկրամասը կառավարելու համար։ Միևնույն ժամանակ մյուս հիմնական կուսակցությունները նախկինում բացառել էին AfD-ի հետ համագործակցությունը, ինչը զգալիորեն բարդացնում է կոալիցիայի ձևավորումը։

Եթե AfD-ին, այնուամենայնիվ, հաջողվի ձևավորել կառավարություն, դա կդառնա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում առաջին դեպքը, երբ ծայրահեղ աջ կուսակցություն է իշխանության գալիս դաշնային երկրամասի մակարդակով։ Երկրամասային իշխանությունները, մասնավորապես, պատասխանատու են ոստիկանության, կրթության և մշակույթի համար։

AfD-ի հաղթանակի ֆոնին Սաքսոնիա-Անհալտում կուսակցության առաջնորդ Ուլրիխ Զիգմունդը և դաշնային կուսակցության համանախագահներ Ալիսա Վայդելն ու Տինո Խրուպալլան ողջունել են արդյունքները։ Կուսակցության շտաբում կողմնակիցները նախնական արդյունքների հրապարակումը դիմավորել են ծափահարություններով, ապա սկսել են երգել Գերմանիայի օրհներգը։

CDU-ի թեկնածու Սվեն Շուլցեն ընդունել է AfD-ի հաղթանակը և հայտարարել, որ իր կուսակցությունը ստիպված կլինի հաշվի առնել քվեարկության արդյունքները։ CDU-ի համար այս արդյունքը լուրջ պարտություն էր. հինգ տարի առաջ կուսակցությունը Սաքսոնիա-Անհալտում ստացել էր ձայների 37,1%-ը։

Արդյունքը հատուկ նշանակություն ունի նաև Գերմանիայի դաշնային քաղաքականության համար. Սաքսոնիա-Անհալտում AfD-ի հաջողությունը մեծացնում է ճնշումը կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և նրա կառավարության վրա՝ միաժամանակ ցույց տալով երկրի արևելյան երկրամասերում աջ կուսակցության աջակցության աճը։