Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկրի դատական մարմիններն արդեն պատասխանել են այն հարցերին, որոնք կապված են իսրայելական Predator լրտեսական ծրագրի օգտագործման հետ՝ առնվազն 87 անձանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների և լրագրողների, հետևելու համար, հայտնում է Kathimerini-ն։
«Այս գործը հայտնի դարձավ չորս տարի առաջ։ Ես բազմիցս պատասխանել եմ խորհրդարանում հնչած հարցերին։ Այս հարցը քննվել է արդարադատության կողմից՝ պետական ծառայությունների հետ հնարավոր կապի մասով»,- Սալոնիկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Միցոտակիսը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հունական պետական կառույցները ձեռք են բերել կամ օգտագործել Predator-ը։
«Գաղտնալսման վերաբերյալ այլևս ասելու բան չունեմ»,- հավելել է վարչապետը։
Predator-ի հետ կապված սկանդալը դարձել է Հունաստանում ապօրինի հետևման վերաբերյալ ամենախոշոր գործերից մեկը։ Փետրվարին հունական դատարանը չորս անձի մեղավոր է ճանաչել հեռախոսային հաղորդակցությունների գաղտնիությունը խախտելու մեջ, այդ թվում՝ Intellexa ընկերության հիմնադիր Թալ Դիլիանի, որը վաճառում էր Predator-ը։ Նոր նյութերի ի հայտ գալուց հետո դատարանը հանձնարարել էր դատախազությանը ստուգել այլ անձանց հնարավոր առնչությունը, սակայն Գերագույն դատարանի դատախազն ավելի ուշ հրաժարվել էր վերսկսել քննությունը։
Դիլիանը բազմիցս հայտարարել է, որ իր ընկերությունը Predator-ը վաճառում է միայն պետական կառույցներին, սակայն չի մասնակցում ծրագրի հետագա օգտագործմանը։ Միցոտակիսը հրաժարվել է նրա հետ հրապարակային բանավեճի մեջ մտնել՝ հղում անելով դատարանի կայացրած վճռին։
Predator-ը պատկանում է առևտրային լրտեսական ծրագրային ապահովման տեսակին, որը վաճառվում է պետական կառույցներին և հնարավորություն է տալիս գրեթե լիակատար վերահսկողություն ստանալ վարակված սարքի նկատմամբ։ Ծրագրի տարբերակից կախված՝ չարագործները կարող են մուտք ստանալ հաղորդագրություններին և այլ տվյալների, ինչպես նաև օգտագործել սարքի խոսափողը՝ ձայնագրություններ անելու համար։ Միջազգային հետաքննությունները մատնանշել են նման գործիքների օգտագործումը քաղաքական գործիչների, լրագրողների և իշխանություններին քննադատող այլ անձանց դեմ։
Պատասխանելով կառավարության հասցեին հնչող քննադատությանը՝ օրենքի գերակայության վիճակի վերաբերյալ, Միցոտակիսը հղում է արել Եվրահանձնաժողովի վերջին զեկույցին։ Ըստ նրա, Հունաստանը հասել է զգալի առաջընթացի։ «Ո՞վ պետք է դատավոր լինի՝ ընդդիմությո՞ւնը, թե՞ ԵՄ-ն։ Դուք գիտեք, որ Եվրահանձնաժողովը շատ խիստ է վերաբերվում օրենքի գերակայության հարցերին»,- ասել է վարչապետը։
Հայաստանի համար Predator-ի թեման նոր չէ։ 2021 թվականի դեկտեմբերին Meta-ն և Citizen Lab-ը հայտնել էին, որ Predator-ի մշակող Cytrox-ի հավանական պետական հաճախորդների թվում եղել է նաև Հայաստանը։ Citizen Lab-ը հայտնաբերել էր սերվերային ենթակառուցվածք, որը մատնանշում էր մի քանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հավանական հաճախորդների առկայությունը, իսկ Meta-ն նույնպես Predator-ի հետ կապել էր Հայաստանում գտնվող հաճախորդների։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը այն ժամանակ NEWS.am-ին հայտնել էր, որ Predator-ով վարակված հեռախոսը փաստացի դառնում է չարագործի վերահսկողության տակ, ինչը հնարավորություն է տալիս որսալ հաղորդակցությունները և հետևել հաղորդագրություններին։ Ըստ նրա, ծրագիրը կարող էր օգտագործվել քաղաքական և մեդիա ոլորտներում, այդ թվում՝ լրագրողների և խմբագիրների դեմ։
Ավելի ուշ Google-ը հայտնել էր, որ Predator-ի հետ կապված հարձակումներում օգտագործվել են զրոյական օրվա խոցելիություններ, այդ թվում՝ Chrome-ում և Android-ում։ Google-ի հետաքննություններից մեկում պարզվել էր, որ Chrome-ի երկու խոցելիություններ կիրառվել են Հայաստանում գտնվող թիրախների դեմ։ Ընկերությունը նաև գնահատել էր, որ Հայաստանում և այլ երկրներում պետական կառույցները կամ դրանց հետ կապված խմբերը ձեռք են բերել և օգտագործել նմանատիպ առևտրային հետևման գործիքներ։
Հայաստանում օգտագործվել է Predator լրտեսական ծրագիր․ փորձագետը ներկայացրել է մանրամասներ





























