Ինդոնեզական Բոռնեո կղզում հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից․ ուժասպառ հրշեջները օրուգիշեր փորձում են զսպել կրակը, որը ոչնչացնում է անտառներն ու տորֆաճահիճները և քաղաքները պատում խիտ ծխով, հաղորդում է AFP-ն։

Տեխնիկայի, ջրի և անձնակազմի սահմանափակ պաշարները թույլ չեն տալիս փրկարարներին հաղթահարել բազմաթիվ հրդեհօջախները։

Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել Արևմտյան Կալիմանտան նահանգում։ Սինտանգի շրջանում հրշեջները գրեթե առանց դադարի աշխատում են՝ ունենալով ընդամենը երկուական 6 հազար լիտրանոց ավտոցիստեռն։ Մի մեքենան ստիպված են օգտագործել հրդեհաշիջման համար, մինչ երկրորդը ջուր է հավաքում։ Գետերի ցածր մակարդակի պատճառով փրկարարները ստիպված են ջուր փնտրել առուներում և փոքր ջրավազաններում, երբեմն՝ հրդեհի վայրից հեռու։

«Մենք ուժասպառ ենք։ Երբեմն հրդեհներ ենք մարում մինչև լուսաբաց։ Երբեմն ընդհանրապես չենք քնում», — պատմել է Սինտանգ շրջանի հրշեջ ծառայության պետ Սամպե Ռիտոնգան։

Հրդեհները հատկապես վտանգավոր են տորֆաճահիճներում։ Կրակը կարող է տարածվել ոչ միայն մակերեսով, այլև շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ շարունակ մխալ գետնի տակ՝ արտազատելով հսկայական քանակությամբ ծուխ։ Մոտակայքում գտնվող բնակավայրերի բնակիչները բառացիորեն հայտնվում են ծխածածկ վարագույրի մեջ։

Արևմտյան Կալիմանտանի վարչական կենտրոն Պոնտիանակ քաղաքում խիտ մշուշը պահպանվում է արդեն մի քանի շաբաթ։ Կիրակի օրը PM2.5 մանրադիսպերս մասնիկների խտությունը մի պահ գերազանցել է 500 միկրոգրամը մեկ խորանարդ մետրի հաշվով՝ ավելի քան 100 անգամ բարձր լինելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած անվտանգ մակարդակից։ Օդի աղտոտվածության պատճառով նահանգում փակվել են հարյուրավոր դպրոցներ, մոտ 200 հազար աշակերտ անցել է տնային ուսուցման։

Անկախ Nusantara Atlas նախագծի գնահատմամբ, տարեսկզբից Ինդոնեզիայում այրվել է գրեթե 300 հազար հեկտար հող։ Դրանցից շուրջ 38 հազար հեկտարը բաժին է ընկնում Արևմտյան Կալիմանտանին։

Ներկայիս հրդեհավտանգ սեզոնի պատճառներից մեկը դարձել է հզոր Էլ Նինյոն, որը ձևավորել է շոգ և ծայրահեղ չոր պայմաններ։ Սեպտեմբերին սպասվում է երևույթի գագաթնակետը։ Ինդոնեզիայի իշխանությունները զգուշացնում են, որ անտառային և տորֆային հրդեհների սպառնալիքը դեռ պահպանվում է։

Սակայն մասնագետներն ընդգծում են, որ Էլ Նինյոն ինքնին անտառները չի հրկիզում։ Երաշտը միայն ստեղծում է պայմաններ, որոնց դեպքում բռնկումները, որոնք հաճախ կապված են հողերի մաքրման հետ, արագ տարածվում են։ Բնապահպանները նաև աղետի մասշտաբը կապում են տորֆաճահիճների տասնամյակներ տևած չորացման, անտառահատումների և պլանտացիաների ընդլայնման հետ։

Ինդոնեզիան փորձում է օդից պայքարել կրակի դեմ․ իշխանությունները ներգրավել են ինքնաթիռներ ջուր նետելու համար, պարեկային ավիացիա և իրականացնում են անձրևների արհեստական առաջացման գործողություններ։ Դաշտում աշխատում են գրեթե 14,5 հազար հրշեջ և այլ մասնագետներ։

Միևնույն ժամանակ ծուխն արդեն անցել է Ինդոնեզիայի սահմաններից։ Այն տարածվել է Բոռնեոյի մալայզիական հատվածում և Հարավարևելյան Ասիայի այլ շրջաններում։ Հարևան Մալայզիայում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակների, իսկ Սարավակի շրջաններից մեկի իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն։

Բնապահպանները զգուշացնում են․ եթե անտառների ոչնչացումն ու տորֆաճահիճների չորացումը շարունակվեն, նմանատիպ հրդեհներն ավելի ու ավելի լայնածավալ կդառնան։

Ներկայիս սեզոնն արդեն համեմատում են խոշորագույն հրդեհների ժամանակաշրջանների հետ, որոնք կապված էին Էլ Նինյոյի ուժեղ դրվագների հետ, իսկ օգոստոսի վերջից մինչև սեպտեմբերի սկիզբը կրակից առաջացած արտանետումները գերազանցել են 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները։