Սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը»:
Հաղորդագրությունում ասվում է.
«Հուլիսի 6-ի տեղական ժամանակով ժամը 11.13 րոպեին տեղի ունեցած մագնիտուդը հավասար 3-ի (բալը` էպիկենտրոնում 4) եւ հաջորդ օրը ժամը 3 անց 34 րոպեին մագնիտուդը 4.3 (բալը` 5) երկրաշարժերը, որոնք զգացվել են բնակչության կողմից, մասնավորապես Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներում, խուճապ են առաջացրել բնակչության շրջանում: Ոչ մի պաշտոնական հաղորդագրություն ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» կողմից սպասվելիք երկրաշարժի մասին չի եղել:
Ըստ գործող կարգի` մասնագետները ցանկացած երկրաֆիզիկական եւ այլ դաշտերի անոմալ փոփոխությունների դեպքում եւ զգացվող սեյսմիկ իրադարձությունից հետո մանրամասն վերլուծում են ստեղծված իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում տարածում պաշտոնական հաղորդագրություն, մասնավորապես զանգվածային լրատվամիջոցներով: Առ այս պահը վտանգի մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի եղել եւ մասնագետները գտնում են, որ ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն եւ բնակչությանը անհանգստանալու առիթ չկա:
Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո անցել է 25տարուց ավել, սակայն սեյսմաբանները գտնում են, որ դեռեւս այս երկրաշարժի օջախում ակտիվությունը չի մարել եւ այսպիսի թույլ երկրաշարժերի տեղի ունենալը բնորոշ են հետերկրաշարժյան գործընթացներին, այսինքն` հետցնցումները շարունակվում են եւ դեռեւս շարունակվելու են: Նորից շեշտում ենք, որ ուժեղ երկարաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ»-ի դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի եւ անհանգստանալու, կամ խուճապի կարիք չկա: Պետք է հետեւել միայն ՀՀ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին եւ չհավատալ մարդկանց շրջանում տարածված սեյսմիկ վտանգի մասին լուրերին:




























