Կրկին թոշակների ստացման օրերն են, եւ կրկին ստացողների ոչ մեծ հերթեր «ՎՏԲ Արմենիա» բանկոմատների մոտ: Գործողության սկիզբը բարդ չէ՝ պետք է քարտը մտցնել եւ հավաքել համապատասխան ծածկագիրը (չնայած որոշ քաղաքացիներ դա էլ չեն կարողանում հաղթահարել):

Այնուհետեւ մի շարք հարցումներ են հայտնվում էկրանին (մոնիտորին), որոնք էլ եւ շփոթության մեջ են գցում թոշակառուներին: Վերջիններս տենդագին սեղմում են ստեղնաշարի կամ սենսորային էկրանի բոլոր կոճակները, ինչն էլ հանգեցնում է խառնաշփոթության: Այստեղ կարեւոր է նաեւ «հոգեբանական» գործոնը: Կողքին հերթեր են կուտակվում եւ անհամբեր սպասողները անընդհատ շտապեցնում են ստացողին: Միեւնույն ժամանակ «արժեքավոր» խորհուրդներ են տալիս, որոնք ավելի շատ են շփոթեցնում խեղճ թոշակառուին:

Հուլիսի 7-ին «ՎՏԲ Հայաստան» բանկոմատների մոտ հնարավոր էր տեսնել կրկին տեսնել հետաքրքիր, սակայն արդեն ավանդույթ դարձած պատկերը: Բանկի մասնաճյուղի աշխատակցուհին օգնում էր թոշակառուներին ստանալ իրենց թոշակը բանկոմատի միջոցով:

Սակայն ոչ բոլոր բանկոմատների մոտ էր անվրդովվություն տիրում: Եվ վերջապես, պարտավո՞ր է աշխատակցուհին թողնել իր ուղղակի պարտավորությունները եւ խորհուրդներ տալ բանկոմատի մոտ: Դա է պատճառը, որ դանդաղորեն եւ ծանրաշարժ առաջ գնացող հերթեր են գոյանում:

Այս իրավիճակից մի ելք կա. հատուկ  թոշակառուների համար պարզեցնել ընթացակարգը՝ նվազագույնի հասցնելով հարցումները: Ենթադրենք, թոշակառուն տեղադրի քարտը, հավաքի ծածկագիրը եւ ստանա այս հարցը՝ «ամբողջությամբ թոշակը ստանա՞լ»: Սեղմելով հաստատման կոճակը միանգամից գումարը ստանալ: Իսկ եթե քաղաքացիները չցանկանան ամբողջությամբ վերցնել գումարը, պետք է ներկայումս գործող սխեմայի այլընտրանքին դիմեն: