Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ Մանիշ Սեթին պատրաստվում է Pavlok «խելացի» ապարանջանի արտադրությանը, որը ստիպում է օգտակար սովորույթներ ձեւավորել: Ապարանջանն աշխատում է հետեւյալ սկզբունքով. եթե այն օգտագործողն առավոտյան ժամանակին չարթնանա կամ հրաժարվի գնալ մարզասրահ՝ մարզվելու, այն իր կրողին ցածր հզորությամբ էլեկտրական հոսանքով կհարվածի:
«Այն իմ դաստակին է, իսկ առավոտյան ժամը 6-ից սկսում է ցնցվել: Ես կարող եմ հետաձգել արթնանալու ժամանակը, բայց եթե այդ երկու անգամ անեմ, այն ինձ կհոսանքահարի»,- բացատրում է Սեթին, թե ինչպես է Pavlok-ն իր վարժեցրել վաղ արթնանալ: Ապարանջանն օգտագործողի ընկերները կարող են վերահսկել առաջադրված խնդիրների իրականացման ընթացքը հատուկ հավելվածի կամ Facebook-ի միջոցով: Օրինակ՝ եթե ծրագրված 10 հազար քայլը չի կատարվել, իսկ վազքը չի նշվել Runkeeper-ում, ընկերները լիարժեք իրավունք ունեն սեղմել հոսանքահարող կոճակը:
Ըստ Vesti.ru-ի, Սեթին ասել է, որ մոտիվացնող հավելումները, ինչպիսիք են 43 Things-ը կամ Pact-ը, ամենեւին էլ ոչ բոլորին են հարմար, քանի որ գործերի մասին հաճախ մոռանում են կամ հետաձգում: Սարքի ստեղծման համար դրամահավաքը մեկնարկելու է այս աշնանը: Եթե այն հաջողությամբ ավարտվի, Pavlok-ն արդեն հաջորդ տարի վաճառքի կհանվի: Սպասվում է, որ ապարանջանը կարժենա շուրջ 250 դոլար:





























