NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում իրավունքի եւ փիլիսոփայության դոկտոր, Բոստոնի Մասաչուսեթսի համալսարանի մերձավորարեւելյան եւ քաղաքական աշխարհագրության պատվավոր պրոֆեսոր, ԱՄՆ բանակի պաշտոնաթող մայոր Մայքլ Մենսոնյանի՝ «The Armenian Weekly»-ում հրապարակված հոդվածը:
«Թվում է՝ մենք ուշադրություն չենք դարձնում այն փաստին, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով ընթացիկ բանակցությունները տանում են Ադրբեջանի օգտին լուծման: Հենց սկզբից Մադրիդյան սկզբունքները, որոնք չափանիշներ ձեւավորեցին բանակցությունների համար, ուղղված էին Հայաստանի շահերի եւ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման դեմ: Այդ սկզբունքները, որոնց բանակցությունների ընթացքին հետեւող Մինսկի խմբի միջոցով սատարում էին ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը, չափազանց մեծ կշիռ են հաղորդում Ադրբեջանի պահանջներին այն մասին, որ Հայաստանը խախտել է իր տարածքային ամբողջակայությունը:
Մեծ մասամբ այդ մեր մեղքն է: Մենք հաղթեցինք Ադրբեջանին, երբ նա փորձում էր Ղարաբաղի հայերին խանգարել ավարտին հասցնել անկախության հռչակման գործընթացը: Այդ ժամանակից ի վեր մենք Ադրբեջանին թույլ տվեցինք հստակեցնել ոչ միայն խնդիրը, այլեւ դրա լուծումը: Այդ Ադրբեջանին եւ Մինսկի խմբին թույլ է տալիս անտեսել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը, ինչպես նաեւ նրա ներկայացուցիչներին մերժել թույլ չտալ մասնակցել բանակցություններին:
Ամեն անգամ, երբ օտարերկրյա առաջնորդները կամ նրանց կառավարությունների ներկայացուցիչները գործ են ունենում ղարաբաղյան խնդրի հետ, բոլորն ընդգծում են դրա խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Ակնհայտ է, որ դա ավելի նախընտրելի է, քան ռազմական լուծումը: Ամեն դեպքում, այդ ադրբեջանամետ լուծում է, որը սկսվում է 1991 թվականի սահմաններին վերադարձից, ինչը բավարարում է տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին Ադրբեջանի պահանջին:
Հենց մեր զինված ուժերը դուրս գան Լեռնային Ղարաբաղից եւ ղարաբաղյան պաշտպանական ուժերը ցրվեն, նրանց կփոխարինեն անարդյունավետ միջազգային խաղաղարար ուժերով: Այդ ժամանակ Ալիեւը կարող է իրավամբ հայտարարել գրավյալ տարածքներն իր վերահսկողությանը վերադարձնելու հաղթանակի մասին: Այդ պահից այլեւս հետագա բանակցությունների անհրաժեշտություն չի լինի, քանի որ դրանց համար էական ոչինչ չի մնա: Ցավոք, մեզ զրոյական արդյունքով լուծում է սպասվում. Ադրբեջանը կվերականգնի իր տարածքը, եւ Ղարաբաղի հայերը կկորցնեն իրենց անկախությունը: Զրոյական արդյունքով լուծման դեպքում ոսկե միջին կամ ընդունելի փոխզիջում գոյություն չունի: Չի կարելի սխալվել. Լեռնային Ղարաբաղի ազատությունը բացարձակ անհրաժեշտություն է Հայաստանի ապագա տնտեսական եւ քաղաքական զարգացման համար:
Քվեարկությունը, որն ապագայում ինչ-որ պահի պետք է անցկացվի Մադրիդյան առաջարկությունների հիման վրա, կեղծավոր քայլ է, որը երբեք նախատեսված չի եղել Լեռնային Ղարաբաղի անկախությունը պահպանելու համար: Այդ ժամանակ, երբ քվեարկության մեխանիզմը մշակված կլինի, տարածաշրջանն արդեն գրավված կլինի մնացած հայերին մեկուսացնելու՝ պետության կողմից հովանավորվող ծրագրի շրջանակում վերաբնակեցված ադրբեջանցիներով: Եվ այդ տեղի կունենա մինչեւ քվեարկությունը: Ցավոք, Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իշխանությունը սահմանափակ է:





























