Անգլիայի հավաքականի նոր ավագ Սթիվեն Ջերարդը կոչ է արել իր թիմի  խաղընկերներին օրինակելի պահել իրենց ՀԱՀ-ում մեկնարկելիք  աշխարհի առաջնությանը` հատուկ շեշտադրում կատարելով Ուեյն Ռունիի վրա:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ կայացած ընկերական հանդիպմանը, որի ժամանակ Ֆաբիո Կապելոյի սաները հաղթել էին  «Պլատինում սթարս» հարավաֆրիկյան ակումբին (3:0), տաքարյուն հարձակվողը մի շարք վիրավորանքներ է հասցրել մրցավար Ջեֆ Սելոգիլվեին, ով համարձավել էր նրան դեղին քարտ ցույց տալ:

«Այժմ նա հասունացել է, եւ այլեւս սադրանքների զոհ չի դառնա: Ուեյնը գիտի, որ մենք ուզում ենք տեսնել նրան դաշտում, նա շատ կարեւոր ֆուտբոլիստ է մեզ համար: Այնուամենայնիվ, մարզիչները ժամանակ չեն խնայում եւս մեկ անգամ հիշեցնել նրան, որ անհրաժեշտ է զսպված լինել: Պետք է հարգել մրցավարներին եւ ոչ մի դեպքում չմիջամտել նրանց աշխատանքին:

Ստանալով դեղին քարտ` յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է կարողանա բերանը փակ պահել, որպեսզի հանկարծ հեռացման չարժանանա. չէ՞ որ այդ ժամանակ կտուժի ողջ թիմը», - ասել է Ջերարդը Yahoo-ի հետ հարցազրույցում` նշելով, որ նա լիովին ընտելացել է իր նոր դերին, ինչն էլ, թերեւս, զարմանալի չէ. իր հարազատ «Լիվերպուլում» Սթիվենը 6 տարի թիմի ավագ է եղել: 

Նախորդ աշխարհի առաջնությանը, որը տեղի էր ունենում Գերմանիայում, Ռունին ծանր դրության մեջ թողեց իր թիմին` հեռացվելով դաշտից Պորտուգալիայի հետ քառորդ եզրափակիչում: Այս մասին տեղեկացնում է «Արմսպորտը»: